Հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների եղբայրներին ու որդիներին առաջարկվում է բանակ չզորակոչել: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այն զորակոչիկները, որոնք ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Պատգամավորը հավելեց՝ կարգավորման շահառուների թիվը քիչ է, անվտանգային խնդիր չի առաջանա:
Հայկ Սարգսյան - 2022 թվականի ամառային զորակոչին սպասվում է, որ օրենքից կօգտվի 10 քաղաքացի, 2023-ի ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, և 2024 թ. ձմեռային զորակոչին՝ 14 զորակոչիկ:
Մտքերի փոխանակության փուլում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը որոշ փոփոխություն առաջարկեց, ընդգծելով՝ անկախ կարգավիճակից, յուրաքանչյուր անձ պետք է համապատասխան մասնագիտական ունակություն ձեռք բերի նաև զորահավաքային խնդիրների իրականացման առումով, քանի որ հետագայում հնարավոր է՝ մասնակցություն ունենա երկրի պաշտպանությանը:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Նման անձնավորությունները պետք է վեցամսյա ուսումնական դասընթացներ անցնեն համապատասխան անվտանգության պայմաններում, որպեսզի հետագայում ոչ մի խնդիր չառաջանա:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 «կողմ» և 21 «ձեռնպահ» ձայնով: Ձեռնպահ քվեարկած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտնեցին՝ նախագծի վերաբերյալ իրենց վերջնական դիրքորոշումը կձևավորեն մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:
Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ հնարավոր է կրկնապատկվի ուսման վարձի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը: «Քաղպայմանագրի» երեք պատգամավորի ներկայացրած կարգավորմամբ փոփոխություն է նախատեսվում հարկային օրենսգրքում՝ նվազեցնելու բուհի հարկային պարտավորությունների ծավալը:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Բուհը իրականացնում է ծախս՝ ինքը, օրինակ՝ 30 կամ 40% զեղչ է տրամադրում ուսանողին: Բայց այդ ծախսի, հարկային օրենսգրքով եկամտային հարկի և շահութարակի հաշվարկի ժամանակ դրա մի մասը հաշվարկվում է, մնացած մասը՝ ոչ: Հիմա մենք առաջարկում ենք, որ մինչև 20%-ը հաշվարկվի, և այդ պարագայում այն զեղչերի համար, որոնք տալիս են բուհերը, շահութահարկ և եկամտահարկ պետությունը չի գանձի:
Հարկային բեռի նվազեցումը բուհին հնարավորություն կտա լրացուցիչ գումար կուտակել: Փոփոխությունից հետո՝ այժմ զեղչ ստացող 7 հազար ուսանողի փոխարեն վարձի փոխհատուցումից կօգտվի մոտ 14 հազարը:
Գևորգ Պապոյան - 44-օրյա պատերազմից հետո մի իրավիճակ է ի հայտ եկել, երբ պետությունը բուհի միջոցով ոչ միայն միանվագ աջակցություն է ցանկանում ցույց տալ, այլև շրջանակն ընդլայնել, որպեսզի, մի կողմից, 44-օրյայի մասնակիցները խնդիրներ չունենային զեղչ ստանալու, մյուս կողմից, դա չլիներ ի հաշիվ, օրինակ, սոցիալապես անապահովի կամ բուհի սոցիալական վիճակի վատթարացման:
Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ամբողջական ընդունումից հետո կարգավորումը կգործի մինչև 2024 թ. հուլիսի 31-ը:
Խորհրդարանի նիստին զուգահեռ՝ պատգամավորները փակ և գաղտնի քվեարկությամբ՝ 69 «կողմ» և 1 «դեմ» ձայնով, Լևոն Սահակյանին ընտրեցին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Օրենսդիրները քվեարկեցին նաև նախորդ օրը քննարկած նախագծերը. երկրորդ ընթերցմամբ ընդունվեց գովազդի մասին օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որով արգելվում է ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով և անգամ հանրային տրանսպորտում ինտերնետ շահումով խաղի, տոտալիզատորների կամ ինտերնետ շահումով խաղատան գովազդը: Կարգավորումն ուժի մեջ կմտի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
Ամբողջությամբ ընդունված մեկ այլ օրինագծով էլ առևտրի կետերում առանձին դարակաշարերում և հատուկ տեսակի նշումով կառանձնացվի կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան