Ազգային ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ և ՀՀ պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին: Այսինքն՝ այն զորակոչիկները, ովքեր ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը:
Գործող կարգավորումներով՝ զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը:
«Ունենք հայ-ադրբեջանական քառօրյա և 44-օրյա պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին նույնպես ուղարկել պարտադիր զինվորական ծառայության:
Կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ մեր խորին հարգանքը և բարոյական պարտքը մեզ պարտավորեցնում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ նաև ընտանիքի մյուս անդամներին»,- ասաց Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ արտոնությունից հրաժարվողները կարող են անցնել պայմանագրային զինվորական ծառայության:
«Նրանք կարող են օգտվել օրենքից՝ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից և 2 տարի անցնել պայմանագրային զինվորական ծառայության, դրա համար վճարվեն ու կլուծեն ընտանիքի սոցիալական խնդիրները»,- ասաց պատգամավորը:
Թեմային արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Օրենքի 38-րդ հոդվածը ներկայումս կարգավորում է պայմանագրային ծառայության անցնելու դրույթները: Անձը պետք է լինի 20 տարեկան: Այսինքն՝ եթե նույնիսկ օրենքը տարածվի նրա վրա, նա չի կարող 18 տարեկանում կամավորության սկզբունքով ազատվել, սակայն պայմանագրային ծառայության անցնել»,- ասաց փոխնախարարը: