Թափուր աշխատատեղ գտնելը հիմա բարդ չէ: Բավական է ընդամենը մուտք գործել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջ կամ soccervis.am ու աշխատանք փնտրել թափուր աշխատատեղեր բաժնում: Միասնական սոցիալական ծառայությունների միջոցով այստեղ մասնագետներ են փնտրում նաև գործատուները: Օրինակ՝ ընկերություններից մեկը խոշոր ներդրումային ծրագրերում աշխատելու համար տարբեր մասնագետների կարիք ունի:
Մարինա Բաբախանյան («Վելլար Գրուպ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, մարկետինգի ղեկավար) - Իրականացնում ենք երկու մեծ ծրագիր, մեկը քաղցրավենիքի արտադրություն է, և երկրորդը կառուցապատման ծրագիր է: Այդ ծրագրերի համար մեզ հարկավոր են բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ավելի քան 4000 մասնագետի կարիք ունենք:
Բիզնեսում ընկերության ներդրման ծավալը հասնում է ավելի քան 100 միլիոն դոլարի՝ ասում է ընկերության մենեջերը, սակայն մասնագետ դժվարությամբ են գտնում: Միասնական սոցիալական ծառայությունների 49 կենտրոնում հիմա ավելի քան 2600 թափուր աշխատատեղ կա: Աշխատավարձի չափը կարող է լինել կա՛մ դրույքաչափային, կա՛մ գործավարձային:
Հրայր Հակոբյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ աշխատանքային ներուժի զարգացման վարչության գլխավոր մասնագետ) - Հարթակում դրված աշխատանքների պայմաններում աշխատավարձը տատանվում է 68 հազարից մինչև 500, 600, 700, այս պահին՝ մինչև 800 հազար դրամ:
Եթե նախկինում գործատուները հայտարարություններ էին տարածում բանվորի, պահակի կամ այլ ցածր վարձատրվող մասնագետի համար, հիմա արդեն քիչ չեն մենեջեր, փոխտնօրեն, թարգմանիչ, իրավաբան, ծրագրավորող փնտրող գործատուները:
Արտավազդ Թորոսյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն) - Հունվար, փետրվար ամիսներին հաշվառման վերցված անձանց 80 տոկոսն իսկ արդեն տեղավորվել է աշխատանքի:
Նրանցից մեկը նույնիսկ աշխատանք է գտել Շենգավիթի միասնական սոցիալական ծառայությունում:
Ընդհանուր առմամբ, միասնական սոցիալական ծառայություններ, աշխատանք գտնելու համար դիմել է ավելի քան 85 հազար մարդ, որից 57 հազարը՝ գործազուրկի կարգավիճակով: Ընդ որում՝ նրանցից 54 հազարը մասնագիտական վերապատրաստման կարիք ունի: