«Արին Բերդի» գերեզմատունն է, որտեղ օրեր առաջ արձանագրված սարսափելի դեպքի կադրերը հայտնվեցին համացանցում: Ըստ էության, հուղարկավորված անձանց մասունքներ և նույնիսկ ամբողջական դագաղներ հայտնվել էին հողի երեսին: Դեպքը տեղի էր ունեցել գերեզմանատան այն հատվածում, որտեղ սովորաբար հուղարկավորում են հարազատ չունեցողներին ու սոցիալապես անապահովներին:
Հարազատ չունեցողներին ու սոցիալապես անապահովներին այստեղ սկսել են հուղարկավորել 1980-ականներից՝ ասում է գերեզմանատան տնօրենը: Նախկինում հուղարկավորություններով զբաղվել է մասնավոր կազմակերպություն: Գերեզմանատան տնօրենի խոսքով՝ ինքը նախկինում նկատել է, որ գերեզմանափոսերի խորությունը սահմանվածից քիչ է:
Բաղդասար Հակոբյան («Արին Բերդ» գերեզմանատան տնօրեն) - Կազմակերպությանը մի քանի անգամ, ես՝ որպես էստեղի տնօրեն, աշխատակիցներին տեղյակ եմ պահել, որ տեղանքը թեք է, անձրևային ժամանակ մաքրում է հողը, ինչքան կարող եք՝ մոտ մետր քառասուն, հասեք: Եղել են դեպքեր, որ զգուշացրել ենք նրանց, չի կարելի... Կապ չունի՝ անօթևան է, խորությունը պետք է ապահովել:
Կառավարության սահմանած կարգով գերեզմանափոսի խորությունը պետք է լինի 1.5 մետր: Այստեղ հողի շերտը կավային է ու փափուկ: Գերեզմանատան տնօրենը նշում է, որ մեկ-երկու ամսվա ընթացքում գերեզմանաթմբերի վրայի շերտը անձրևաջրերը մինչև 40 սանտիմետր լվանում-տանում են: Տարածքն ընդհանուր առմամբ սողանքային է ու առանց պարսպի: Հաճախ այստեղ նաև թափառող շներ են հայտնվում: Վարկածներից մեկն էլ այն է, որ փափուկ հողը շները կարող էին փորել: Այս տարվանից տարածքի սպասարկումն արդեն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ը: Տնօրենի խոսքով՝ սարսափելի դեպքի պատճառները կբացահայտի ոստիկանությունը: Ոստիկանները տեղում արձանագրել են փաստերը:
Վահե Խաչատրյան (Երևանի քաղաքապետարանի Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի տնօրեն) - Այս տարվա դրությամբ արդեն մենք ենք զբաղվում: Ներկայացրել ենք նաև որոշ առաջարկներ, որպեսզի տարածքը արգելապատնեշով սահմանազատվի:
Ընդհանուր առմամբ՝ տարածքը 150 հեկտար է, այստեղ թաղված է մոտ 1300 մարդ,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրենը:
Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ Էրեբունու բաժնում այժմ նյութեր են նախապատրաստվում: