Հյուսիսային երկրների նախարարների խորհուրդը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ որոշման մասին հայտնի է դարձել կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից։
«Հյուսիսային երկրների Նախարարների խորհուրդը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Այդ պետություններում բոլոր ծրագրերը, նախագծերն ու միջոցառումները կասեցվում են մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կազմակերպության ներկայացուցիչները պարզաբանել են, որ որոշումը կայացրել են՝ ի պատասխան Դոնբասում հատուկ ռազմական գործողության մեկնարկի։
Հյուսիսային պետությունների նախարարների խորհուրդը միջկառավարական ֆորում է, որի նպատակն է խթանել հյուսիսային երկրների համագործակցությունը: Այն բաղկացած է Դանիայից, Նորվեգիայից, Իսլանդիայից, Ֆինլանդիայից և Շվեդիայից։
Կազմակերպությունը Ռուսաստանի հետ աշխատում է 1990-ականների սկզբից։ Համագործակցության հիմնական նպատակն այդ պետությունների և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի միջև ավելի սերտ կապերի զարգացումն էր՝ տարածաշրջանի կայունության, անվտանգության և զարգացման ամրապնդման համար։