ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանել է Հայաստանում ռուսական «Սիբիր» ավիաընկերության կողմից շահագործվող А320 ինքնաթիռի առնչությամբ ստեղծված իրավիճակը։
«Տեղեկացնում ենք, որ 03.03.2022 թվականին ռուսական «Սիբիր»ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։
Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:
Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը:
Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքն իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։
Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,- հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: