Համատիրությունների կառավարման ոլորտում բարեփոխումներ կիրականացվեն: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ) - Քաղաքապետը նախաձեռնություն է ցուցաբերել, որ ստեղծվի նոր էլեկտրոնային կառավարման համակարգ: Տվյալ պահին նման կառավարման համակարգեր գոյություն ունեն Երևանում, կան տարբեր համատիրություններ, որ նմանատիպ համակարգ են ստեղծել կա՛մ ֆեյսբուքյան էջի, կա՛մ այլ ցանցի միջոցով:
Տվյալ դեպքում խոսքն ամբողջ քաղաքի մասին է: Համակարգը թափանցիկ հարթակ է լինելու, որտեղ արտացոլվելու է համատիրության մասին ամբողջ տեղեկատվությունը:
Արսեն Կարոյան - Երևանցիները կարողանալու են տեսնել իրենց համատիրության շրջանակում ծախսագրված գումարները, յուրաքանչյուր բնակիչ կարող է տեսնել, թե իրեն վճարված գումար արդյոք մուտքագրվե՞լ է տվյալ համատիրության հաշվեհամարին, թե՞ ոչ: Նաև հարթակում հնարավոր է լինելու կազմակերպել տարբեր տեսակի քննարկումներ, առաջարկություններ:
Էլեկտրոնային համակարգն արդեն մշակման փուլում է, քաղաքապետի հանձնարարականն է աշխատանքն արագ կատարելը, որ երևանցու մոտ այլևս կասկած չառաջանա՝ համատիրությանը վստահել թե ոչ:
Արսեն Կարոյան - Էս հարթակի միջոցով էդ հարցերը պետք է ամբողջությամբ սպառվեն: Բնակիչներ կան, որոնք հրաժարվում են գումար վճարելուց՝ պատճառաբանելով, որ համատիրության աշխատանքը իրենց տեսանելի չէ, նպատակային չեն ծախսում:
Էլեկտրոնային համակարգ ներդնելու որոշում կայացրել են նաև բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով: Բայց նաև նշում են՝ հարթակը համատիրությունների համար կարող է զսպման միջոց լինել:
Արսեն Կարոյան - Սա նաև կարող է լինել թափանցիկության, բնակիչների կողմից հետևողական ու հետամուտ լինելու գործառույթ ու գործիք, ինչպես նաև աշխատող համատիրության համար, եթե նախկինում թերություն կար, զսպաշապիկ հանդիսանալ:
Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք ունի իր հաշվեհամարը: Այսուհետ յուրաքանչյուր բնակիչ վճարումներն իրականացնելու է իր բազմաբնակարան շենքի հաշվեհամարին՝ վստահ լինելով, որ այն ծախսվելու է հենց իրենց շենքի խնդիրների լուծման նպատակով:
Արսեն Կարոյան - Թեև համատիրության կազմում կարող են լինել բազում շենքեր, բայց անկախ դրանից՝ յուրաքանչյուր բնակիչ իր ամսական գումարը վճարելուց կարող է վստահ լինել, որ այն գնալու է իր շենքի հաշվեհամարին ու ծախսվելու միայն իրենց շենքի համար:
Երևանում մոտ 5000 բազմաբնակարան շենք կա, 260 համատիրություն, լիազորագրված 140 կառավարիչ: