ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԱԷԿ-Ը ՌԴ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է
Եվրոպայի ամենախոշոր ատոմային էլեկտրակայանը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ, հայտնել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը։ «Անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումն անվտանգության պահանջներին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԷԿ-ի վերահսկողության համար մարտերի ընթացքում ատոմակայանի վարչական մասնաշենքում բռնկված հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Զապորոժիեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱԷԿ-ի անվտանգության հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականացման ընթացքին և ստեղծված իրավիճակին, հայտարարել՝ ռուսները և ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման հատուկ գործողությունն իրականացվում է ժամանակացույցի խիստ պահպանմամբ․ առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են։ Դոնբասում մեր մարդկանց պաշտպանելու, մեր հայրենիքի անվտանգության ապահովման հարցում ռուս զինվորներն ու սպաները գործում են ինչպես իսկական հերոսներ։ Նրանք միջանցքներ են ապահովել, որպեսզի խաղաղ բնակիչները, օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն ունենան տեղափոխվելու անվտանգ վայր: Կրկին շեշտեմ՝ ազգայնականները, սակայն, թույլ չեն տալիս դա անել:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում կան օտարերկրյա վարձկաններ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից։
Ամփոփվել են նաև Բելառուսում երեկ երեկոյան կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը չստացավ այն, ինչ ակնկալում էր: Կողմերին հաջողվել է համաձայնության գալ միայն խաղաղ բնակչության տարհանման, ինչպես նաև մարտերի վայրեր դեղորայքի և սննդի առաքման նպատակով հումանիտար միջանցքների ստեղծման հարցում։ «Տարհանման ընթացքում կրակը ժամանակավորապես կդադարեցվի։ Բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթվա սկզբին Բելառուսում»,- ընդգծել է նա։
Պոդոլյակի խոսքերը հաստատել է ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ կողմերը մանրամասն քննարկել են հումանիտար, ռազմական հարցեր, ինչպես նաև իրավիճակը քաղաքական եղանակով կարգավորելու հնարավորությունը։ Ուկրաինական պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Մեդինսկին զգալի առաջընթաց է որակել։
Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին էլ չի բացառել ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ևս մի քանի փուլ անցկացնելու հնարավորությունը։ Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնությունները մոտ ապագայում կամրագրվեն բարձրագույն մակարդակով։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Անդրադառնալով Մոսկվայի հետ բանակցություններին՝ Վոլոդիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ դրանք իմաստ ունեն, սակայն կան հարցեր, որոնց շուրջ փոխզիջում լինել չի կարող։ Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել խոսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինի հետ ամեն ինչի՝ այդ թվում Դոնբասի մասին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Գերմանիան պետք է դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, վստահություն հայտնել՝ Էրդողանը կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխավորների ցուցակում։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Եթե ՆԱՏՕ-ն քաջություն չունի հիմա փակելու Ուկրաինայի օդային տարածքը, թող ժամկետներ նշի՝ երբ կկարողանա, կամ թող գոնե ինքնաթիռներ տրամադրի։ Նոր ինքնաթիռները շա՞տ թանկ են։ Դրանք ավելի՞ թանկ են անգամ մարդկային կյանքից։
ԱՄՆ-Ը ՌԴ-Ի ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հաստատելու Կիևի դիմումներին անդրադարձել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ բացառելով նման հնարավորությունը։
Ջեն Սակի (Սպիտակ տան մամուլի քարտուղար) - ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի երկնքում։ Դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ, ինչից Վաշինգտոնը ցանկանում է խուսափել։
Սակիի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին օպերատիվ հետախուզական տեղեկատվություն է տրամադրում մարտական իրավիճակի մասին։ Նա հավելել է նաև, որ ԱՄՆ իշխանությունները, չնայած Ուկրաինայի պահանջին, Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու հնարավորություն չեն դիտարկում։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը նույնպես չափազանց կարևոր է համարում խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ կարծիք է հայտնել, որ Ուկրաինային և Վրաստանին մերժելը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ճիշտ որոշում էր։ «Այդ հարցն օրակարգում չկար և չկա․ այժմ հարկավոր է դադարեցնել Ուկրաինայի շուրջ էսկալացիան», - նշել է նա։ Շոլցը հավելել է նաև, որ Գերմանիան սկսել է գազ գնել՝ շրջանցելով Ռուսաստանը, սակայն շարունակում է ռուսական էներգակիրներ ստանալ։