Եվրասիական տնտեսական միությունում շարունակվում են ԵԱՏՄ գենոմային սելեկցիայի համակարգի ստեղծման աշխատանքները։ Այս համատեքստում Միության երկրների համար առանցքային դեր կստանձնի Եվրասիական տնտեսական միության անասնաբուծության մեջ ԴՆԹ տեխնոլոգիաների հետազոտման և գործնական կիրառման ռուսական խոշորագույն «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգի գենետիկական սելեկցիայի կենտրոնը։ Կենտրոն են այցելել և դրա աշխատաքներին են ծանոթացել Հայաստանի էկոնոմկիայի փոխնախարար Արման Խոջոյանն ու ԵՏՀ նախարար Արտակ Քամալյանը։
Նիկոլայ Ելատկին (գենետիկայի լաբորատորիայի ղեկավար) - Շատ կարևոր է ընդլայնել գենետիկական սելեկցիայի աշխատանքները և կառուցել միասնական մոտեցումներ Եվրասիական հանձնաժողովի և անդամ երկրների մակարդակով։ Այս առումով հանդիպման ընթացքում հասկացանք, որ պետք է միավորել ջանքերը երկրների միջև, պետք է միասնական մոտեցումներ մշակել ոչ միայն արտադրության, այլև սելեկցիոն-ցեղային աշխատանքի, կենդանիների գնահատման համար:
Մոսկվայի մարզում գտնվող կենտրոնն ունի տարբեր տեսակների կենսաբանական նմուշների գենոտիպավորման լայն հնարավորություններ և կարող է լուծել յուրահատուկ գենետիկ բազայի ստեղծման խնդիրները՝ Միության երկրներում անասնաբուծության ոլորտում արտադրողականության՝ կաթնատվության, մսատավության բարձրացման նպատակով։ Օրեր առաջ Հայաստանի կառավարությունը հաստատել է անասնաբուծության ոլորտում խոշոր ներդրումային ծրագրերի խթանման ծրագիրը, որը կօգնի ստեղծել խոշոր ֆերմերային տնտեսություններ անասնաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտում: Այս ամենը կուղեկցվի գենային բաղադրիչների ներառմամբ։ Այս առումով հայկական կողմն ընդլայնում է համագործակցությունը Միության երկրների հետ։
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր «Միրատորգ» կազմակերպությունում մենք տեսանք, թե որքան մեծ աշխատանք է տարվում գիտական հենքի վրա, ճշգրիտ գենետիկայի որոշումը հենց ազդում է արտադրողականության բարձրացմանը։ Ընդհանուր առմամբ քննարկվեցին, թե որոնք կարող են լինել համագործակցության եզրերը։ Առաջիկայում, կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում կնպաստենք, որ գենային մակարդակում իրականացված ձեռքբերումները հասանելի լինեն Միության բոլոր երկրներին՝ նպաստելով տնտեսությունների զարգացմանը։
Միությունում բարձրորակ տոհմային արտադրանք ստանալու համար առաջնահերթություն է նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։ Քամալյանն ընդգծեց՝ միջպետական ծրագրի շրջանակում եվրասիական «հնգյակի» երկրների անցումը գենետիկական սելեկցիայի կապահովի գենետիկ առաջընթացի արագացում, ինչպես նաև թույլ կտա ստեղծել տոհմային անասնաբուծության որակապես նոր համակարգ՝ հաշվառման, վերահսկողության, ցուցանիշների որոշման արդիականացված գործընթացով՝ հաշվի առնելով միջազգային պահանջները:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար) - Տոհմային անասնաբուծությունն անմիջական ազդեցություն է ունենում գյուղատնտեսական արտադրանքի և պարենամթերքի արտադրության արդյունավետության վրա։ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով նախատեսված է անդամ պետություններում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացման ուղղությամբ միջոցառումների իրականացում:
Հեռանկարում կենտրոնը կարող է ընդգրկվել աշխարհի հինգ լավագույն գենետիկական անասնաբուժական լաբորատորիաների շարքում, և նրա ներուժն առաջարկվում է ակտիվորեն օգտագործել Եվրասիական տարածքում: Հիմք ընդունելով աշխատանքային այցի արդյունքները, ինչպես նաև ստացված առաջարկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է շարունակել աշխատանքը Միության երկրների լիազորված մարմինների հետ ԵԱՏՄ-ում գենոմային սելեկցիայի համակարգի ստեղծման ուղղությամբ: