Արցախահայության իրավունքների պաշտպանությունը Հայաստանի օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է լինելու: Աշխատանքային այցով Արցախում է Քրիստիննե Գրիգորյանը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Փաստը, որ առաջին այցս Արցախ եմ կատարում, ինձ համար ամենակարևոր ուղերձն է, որ արցախահայության խնդիրները, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերը լինելու են իմ ուշադրության կենտրոնում: Ու նաև պիտի ասեմ, որ անձնական շատ ջերմ հարաբերություններ ունեմ պարոն Ստեփանյանի հետ՝ իմ գործընկերոջ հետ, և արդեն առավոտյան հանդիպման ընթացքում թե նախորդիվ հանդիպումների ընթացքում նախորոշել ենք այն ուղղությունները, որտեղ պիտի շարունակենք ու զարգացնենք մեր համագործակցությունը:
Գրիգորյանին ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և շնորհավորել պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի ՄԻՊ գրասենյակների գործակցության հեռանկարը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան) - Տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն է ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում ունենք մոտ 20 հազար տեղահանված ԱՀ քաղաքացիներ, տարբեր այլ իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքներ: Համատեղելու ենք ջանքերը՝ լուծելու այն համակարգային խնդիրները, որոնք առկա են Արցախում և Հայաստանում, դրանք լուծելու ուղղությամբ ներդնելու ենք երկու կառույցների ողջ պոտենցիալը:
Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների հետ: ՀՀ ՄԻՊ-ը միջազգային իրավապաշտպան համայնքին մտադիր է պարբերաբար փաստեր ներկայացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ:
Քրիստիննե Գրիգորյան - Ադրբեջանի հայատյացության քաղաքականության փաստերի հավաքումը, պատշաճ հիմնավորումները, միջազգային կազմակերպություններին դրանց ներկայացումը ու հետամտումը և, իհարկե, ինստիտուցիոնալ զարգացումը, որը ներառում է նաև կոնկրետ սոցիալական խնդիրներ, որոնք կան թե՛ Արցախում մեր քաղաքացիների համար, և թե՛ Հայաստանում:
Աշխատանքային հանդիպումների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանին ընդունել է նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, վստահություն հայտնել, որ արցախցիներին հուզող հարցերը կմնան Հայաստանի օմբուդսմենի ուշադրության կենտրոնում: