Բեզոարյան այծի որս, մոտ 20 միլիոն դրամի հափշտակություն. Վայոց ձորի «անտառտնտեսության» մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանի մեղադրանքներն են: Նախաքննությամբ պարզվել է՝ 16 տարի «Անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանը «Հայանտառ»-ի տնօրինությանը միջնորդել է աշխատանքի ընդունել մտերիմներին, նրան չեն մերժել:
Աշոտ Բադալյան (ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Այնուհետև, մասնաճյուղի մի շարք հաշվապահական փաստաթղթերում անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Նշված փաստաթղթերը տրամադրվել է հաշվապահությանը և այդ անձանց անվամբ յուրաքանչյուր ամիս շարունակաբար փոխանցվել են աշխատավարձերը:
Տնօրենի կինը, եղբայրը, փեսան և այլ անձինք աշխատանքի չեն ներկայացել, պատշաճ չեն իրականացրել իրենց պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել,- ասում է քննիչը:
Աշոտ Բադալյան - Միասնական դիտավորությամբ, կազմակերպության միջոցներից վատնելու եղանակով հափշտակել է մոտ 20 միլիոն դրամ գումար:
Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4.5 միլիոն դրամի գրավը, սակայն որոշ ժամանակ անց, ըստ մեղադրանքի, նոր հանցանք է կատարել. երկար տարիներ հանդիսանալով «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի տնօրենը՝ անտառապահի հետ «Կամիր գրքում» գրանցված կենդանու որս է կատարել:
Աշոտ Բադալյան - Հայտնաբերել են կենդանուն և անտառապետի հատկացված զենքով իրականացվել է կենդանու որսը: Այնուհետև մասնաճյուղի տնօրենը իր կողմից վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով որսած կենդանուն տեղափոխել են դեպի իր բնակավայր:
Այդ ընթացքում իրավապահները ապօրինի որսի մասին օպերատիվ տեղեկություն են ստացել:
Աշոտ Բադալյան - Մասնաճյուղի տնօրենը նկատելով ոստիկանության աշխատակիցներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և բացահայտման իրական վտանգ զգալով՝ դիմել է փախուստի:
Ոստիկաններին հաջողվել է նրանց հայտնաբերել և բերման ենթարկել: Որպես կենդանական աշխարհին պատճառված վնաս՝ մեղադրյալը դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցել 3 միլիոն դրամ:
Բացի դրանից՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Հարությունյանը ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք է ձեռք բերել: Տվյալները ուսումնասիրության համար ուղարկվել են դատախազություն:
Աշոտ Բադալյան - Մասնաճյուղի տնօրենի անվամբ առկա է մոտ 4 տասնյակ գույք, ինչպես նաև իր մերձավոր ազգականների անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքեր:
Մուրադ Հարությունյանը առաջադրված երկու մեղադրանքում էլ իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանական կողմը նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո հանդես կգա հայտարարությամբ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան