Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զգալի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային և բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է օտարերկրյա լրագրողներին՝ մեկնաբանելով Թուրքիայի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը` փոխանցում է Интерфакс-Украина-ն:
«Մենք ամուր անձնական, շատ լավ ու ջերմ հարաբերություններ ունենք նախագահ Էրդողանի հետ: Ես շատ շնորհակալ եմ նրան։ Քաղաքական մակարդակում Էրդողանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ շատ առաջնորդներ չեն կարողանում Ռուսաստանի նախագահին փոխանցել այն ըմբռնումը, որ պատերազմը պետք է ավարտել։ Նրա խոսքով՝ Էրդողանն այդ հնարավորությունն ունեցողներից մեկն է:
«Կարծում եմ՝ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է և նա կլինի այն մարդկանց շրջանակում, որոնք ընդգրկված կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովողների ցանկում: Երբ Ռուսաստանի նախագահի հետ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ինչին հավատում եմ, հենց անվտանգության այդ երաշխիքներն են, որ Ուկրաինան ակնկալում է ստանալ: Ուստի նա (Էրդողանը- խմբ.) կազդի այդ գործընթացի վրա»,- նշել է Զելենսկին: