ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որում ՌԴ նախագահ Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, առանց պայմանների զորքերը դուրս բերել Ուկրաինայից և դիմել իսկական դիվանագիտությանը՝ գրում է ТАСС-ը:
Հակառակ դեպքում, ըստ Ստոլտենբերգի, առաջիկա օրերին Ուկրաինայում իրավիճակը կվատթարանա, ավելի շատ զոհեր և վիրավորներ կլինեն։ Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է մամուլի ասուլիսում:
Դաշինքի ղեկավարն ասել է. «Ուկրաինան դիմակայում է Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ ռազմական ագրեսիային»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չնայած դաշինքը պարտավորվում է ամեն ինչ անել, որ հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից, այնուամենայնիվ, չի ձգտում պատերազմել Ռուսաստանի դեմ։ Դրա հետ կապված՝ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն ու զորքերը Ուկրաինայում չեն լինի։
Դաշինքը նաև ողջունում է հումանիտար միջանցքների ստեղծման ջանքերը՝ բնակիչների դուրսբերման և Ուկրաինա մարդասիրական օգնության առաքումների համար՝ ասել է Ստոլտենբերգը։