ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուրբաթ հաստատել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վեց ռեակտորի անվտանգության համակարգերը չեն տուժել, և ճառագայթման արտանետում չի եղել՝ հայտնում է Interfax-ը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինան «հրատապ օգնության հարցում է ուղարկել»։
Գիշերը հրդեհ էր բռնկվել ատոմակայանում, այն մարվել է տեղական ժամանակով 06:20-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է, որ հրդեհն ուկրաինական հարձակման հետևանք էր, այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանում է կայանի սարքավորումները և վերահսկում ռադիոակտիվ իրավիճակը։ Էլեկտրակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։
Զապորոժիեի ԱԷԿ-ն իր հզորությամբ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է, որը գտնվում է Էներգոդարում։ Նրա վեց էներգաբլոկները կառուցվել են V-320 նախագծի համաձայն։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1984 թվականի դեկտեմբերին, վեցերորդը՝ 1995 թվականի հոկտեմբերին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցելուց հետո նախատեսել է կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել այդ գաղափարին: