Օտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Այս մասին ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ:
Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը.
- 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).
- ծննդյան վկայականը և պատճենը.
- ամուսնության վկայականը և պատճենը.
- ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը).
- ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը`
ա. ՀՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին.
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ.
դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում:
Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։
Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։
Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։
Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։
Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։