Ռուբլու արժեզրկում, ռուսական բանկերի SWIFT համակարգից անջատում, գնաճ. Հայաստանի կենտրոնական բանկն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:
Գլխավոր դրամատունն առկա խնդիրները համարում է լուծելի և գնահատում դրանք որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։ SWIFT համակարգից անջատումը վերաբերում է Ռուսաստանի խոշոր բանկերին միայն:
Արտակ Մանուկյան (ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Այսինքն՝ այս պահի դրությամբ համեմատաբար ոչ խոշոր բանկերի հետ հայկական բանկերը կարող են ազատորեն գործառնություններ իրականացնել, և էդ մասով, ըստ էության, որևէ հավելյալ վտանգներ չկան:
Ինչ վերաբերում է ռուբլու արժեզրկմանը, այն ըստ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի՝ կարճաժամկետ առումով կազդի արտահանման և տրանսֆերտների վրա:
Արտակ Մանուկյան - Այս պահի դրությամբ առկա է մեծ անորոշություն, որի մասին է վկայում նաև սպրեդը, այսինքն՝ առքի և վաճառքի գների մեծ տարբերությունը: Սա խոսում է անորոշությունների մասին, և այդ անորոշությունները նաև որոշակիորեն, ըստ էության, ներմուծվել էին Հայաստանի արժութային շուկա:
Հայաստանի գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը ներկա պահին դժվար է գնահատել, քանի որ մի շարք գործոններ կան բարձր տատանողականությամբ: Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկից հայտնում են՝ հավատարիմ են գների կայունության ապահովման մանդատին և ապահովելու են այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում:
Բանկային և ֆինանսական համակարգը խնդիրներ չունի: Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունն իրականացնում են բնականոն եղանակով:
Արտակ Մանուկյան - Հայաստանի Հանրապետությունը մեծ հաշվով ինքն իր վրա զգացել ա էդ պատերազմի արհավիրքները, և ֆինանսական հատվածը կարողացել է դիմակայել այդ մարտահրավերներին, հետևաբար կարծում եմ, որ այս դեպքում միջնորդավորված ազդեցությունը շատ ավելի կառավարելի է, քան էն ազդեցությունը, որը մենք անձամբ, մեր երկրի քաղաքացիները զգացել են իրենց վրա:
Ըստ գլխավոր դրամատան՝ Հայաստանի տնտեսության վրա իրավիճակի ազդեցությունը կարող է նաև որոշակի դրական հնարավորություններ բացել մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան