Այսօր սպասվում է ռուս-ուկրաինական բանակցության երկրորդ փուլը, ՌԴ-ի հետ բանակցությունները կկայանան, սակայն դրանք կանցկացվեն ոչ թե Բելովեժյան թավուտում, այլ մեկ ուրիշ վայրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիան: «Բոլոր մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ»,- գրել է նա:
Երեկ երեկոյան ՌԴ պատվիրակությունը ժամանել էր Բելովեժյան թավուտ և հայտարարել էր, որ բանակցությունները կկայանան այնտեղ, իսկ վայրը կողմերն ընտրել են միասին: Հանդիպման կազմակերպիչ բելառուսական կողմն անգամ լուսանկար էր հրապարակել բանակցությունների անցկացման սրահից:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. ԿՈՒԼԵԲԱ
Բանակցությունների ընթացքում դիվանագիտական լուծում գտնելու հույս է հայտնել Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան նշել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղ բանակցություններին և պատրաստակամ դիվանագիտական ջանքեր գործադրելու: Արտգործնախարարը, խոսելով Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության մասին, հայտարարել է, որ կառույցին անվերապահ անդամակցություն չի լինի, բայց Կիևը ձգտում է արագ լուծել հատուկ ընթացակարգով կառույցին միանալու հարցը: Կուլեբան շեշտել է, որ այս փուլում ամեն ինչ կախված է Եվրոպայի քաղաքական կամքից:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԴԻՄԵԼՈՒ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԻ
Վաշինգտոնը պատրաստ է կրկին դիմելու դիվանագիտական ջանքերին, ինչը սակայն անհնար է առանց ռազմական դէսկալացիայի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն բաց է պահում դռները դիվանագիտական առաջընթացի համար: «Դիվանագիտության համար շատ ավելի դժվար է հաջողության հասնել, երբ կրակում են»,- նշել է պետքարտուղարը և հավելել, որ եթե Մոսկվան հետ քաշի զորքերը, Վաշինգտոնը պատրաստ է նույն քայլն անելու:
ՄԱԿ ԳԱ-Ն ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հատուկ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել` դատապարտելով Ուկրաինայում ՌԴ գործողությունները: Ավելի վաղ ՌԴ-ն, օգտվելով վետոյի իր իրավունքից, Անվտանգության խորհրդում արգելափակել էր նմանատիպ բովանդակությամբ մեկ այլ փաստաթուղթ: Բանաձևին կողմ է քվեարկել 141, դեմ` 5, ձեռնպահ` 35 երկիր:Հայաստանը ևս ձեռնպահ է քվեարկել: Թուրքիան բանաձևին կողմ քվեարկած երկրների շարքում է, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Բանաձևին դեմ են քվեարկել 5 երկիր` ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, Չինաստանը, Էրիթրեան: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ տվյալ բանաձևը չի նպաստի մարտական գործողությունների դադարեցմանը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆԻ
Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք հարևան երկրներ են մեկնել վերջին յոթ օրվա ընթացքում, կազմել է 1 միլիոն: Հայտնել է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին: Ուկրաինայի քաղաքացիների հոսքը դեպի Հունգարիա, Լեհաստան, Մոլդովա և Սլովակիա չի դադարում: Ցամաքային անցակետերի մոտ ձևավորվել են երկար հերթեր: Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Գերմանիան, հայտարարել են, որ Ուկրաինայից փախստականներին ապաստան կտրամադրվի միանգամից՝ առանց սահմանված ընթացակարգերի պահպանման:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽՈՑՎԵԼ Է 1612 ՕԲՅԵԿՏ. ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈՒ-ն գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել է Կիևի Լիսայա Գորայի շրջանում գտնվող պահեստային տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնը, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության՝ Կիևի Լիսայա Գորայի շրջանում տեխնոլոգիական ռադիոհեռուստատեսային կենտրոնի ոչնչացման ժամանակ զոհեր և բնակելի շենքերի ավերածություններ չեն եղել։ Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլիեն, Նովոպոլտավկան, Ժովտնևեն, Բալակլեա քաղաքը: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում խոցվել է 1612 օբյեկտ։
ՌԴ ԶՈՒ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԿԻԵՎԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾԱՅՐԱՄԱՍԵՐ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնել է, որ Սևերսկի ուղղությամբ ռուսական բանակը, ձախողվելով Չեռնիգովում, Նիժինում, Սումիում, Լեբեդինում և Ախտիրկայում, խուսափելով Ուկրաինայի զինված ուժերի հետ ռազմական բախումներից, փորձում է հասնել Կիևի հյուսիսային ծայրամասեր։ Նշվում է, որ Բարիշևկա, Նովայա Բասան, Լյուբեչ բնակավայրերի տարածքներում կենտրոնացած են հակառակորդի ստորաբաժանումներ։ Ռուս զինվորականների մի մասը վերախմբավորվում է և փորձում առաջխաղացում կատարել Բրովարիի և Կիևի ուղղությամբ։ Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերը հրետանու աջակցությամբ շարունակում են հարձակողական գործողությունները Նովի Այդարի, Վոլնովախայի և Մարիուպոլի շրջաններում։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ 498 ԶՈՀ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում իր կորուստների վերաբերյալ տվյալներ: Ըստ ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցչի՝ ռուսական կողմն ունի 498 զոհ և 1597 վիրավոր: Գերատեսչությունն ընդգծել է, որ ո՛չ ժամկետայինները, ո՛չ կուրսանտները չեն մասնակցում հատուկ գործողությանը: ՌԴ ՊՆ տվյալներով՝ ուկրաինական կողմի զոհերի թիվը գերազանցում է 2870-ը, վիրավորների թիվը 3700 է: Գերեվարվել է Ուկրաինայի ուժային կառույցների 572 զինծառայող:
Կորուստների վերաբերյալ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալները տարբերվում են: Ըստ գերատեսչության՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ կորուստները գերազանցում են 9000-ը: Սեփական կորուստների վերաբերյալ ուկրաինական կողմը տվյալներ չի հրապարակում:
ՀԱՊԿ-ՈՒՄ ԿՍԱՀՄԱՆՎԻ «ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 3-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է կազմակերպությունում «համակարգող պետություն» հասկացության սահմանում:
«Արձանագրությամբ սահմանվում է «համակարգող պետություն» հասկացությունը, և նախատեսվում է, որ դրա հովանու ներքո ստեղծվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին ներգրավվելու համար»,- ասված է բացատրական գրության մեջ: Նշված արձանագրությունը ստորագրվել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։