Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ նախօրեին ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ կապված քրեական գործի շրջանակներում պետական բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, ինչը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դա քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է, և բազմադրվագ քրեական գործ է քննվել:
«Կոնկրետ ԶՊՄԿ-ի դրվագը կապված է 2016-2017 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու. քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, որը մեղադրանքն ընդունել է:
Նշանակվել է նաև համալիր հարկային ստուգում, որի շրջանակներում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ, հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով, և ընկերությանը առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն:
Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թ. դեկտեմբերի վերջին, և վճարումը կատարվել է, կրկին ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը, և անբողոքարկելի դառնալու ժամկետը լրանալուն պես վճարումը կատարվել է, և ունենք պետական բյուջեի եկամուտներ՝ շուրջ 15 միլիարդի չափով»,- ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ 15 մլրդ դրամը չի վճարվել ԶՊՄԿ-ի առկա ակտիվներից, այլ ֆիզիկական անձի կողմից:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այլևս համասեփականատեր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի»: Մենք նաև այս ընթացքում տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել և առաջիկայում մեկ-երկու տեղերում այլ նշանակումներ ևս կիրականացնենք: Բայց շատ մեծ տնտեսություն է և այդ տնտեսության մասին ամբողջական պատկեր կազմելը և արդյունավետության մակարդակը բարձրացնելը դեռ ժամանակ կպահանջի»: