Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկն է, փողոցային առևտրի եռուն հատվածներից մեկը:
Մայթերը զբաղեցրած առևտրականները վստահեցնում են՝ իրենք չեն կեղտոտում փողոցները, առևտրից հետո տարածքը մաքրում են և միայն հետո հեռանում, ասում են՝ գումար վաստակելու այլ տարբերակ չունեն:
Շրջայց, զգուշացում, պահանջ, հորդոր, խնդրանք, անգամ տուգանքն ու արձանագրություն կազմելը գրեթե արդյունք չեն տալիս: Ստուգումներից րոպեներ, լավագույն դեպքում՝ ժամեր անց պատկերը կրկնվում է:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Տպավորություն է ստեղծվում, որ աշխատանքը լավ չի կազմակերպած կամ թույլ է, բայց իրականում մենք ունենք խնդիր, որ 2 տարի է՝ խոսում ենք, օրենսդրական բարեփոխումներ ենք իրականացնում, որպեսզի մեր աշխատանքն ավելի արդյունավետ լինի:
Քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային առևտրով զբաղվողին նախ զգուշացնում են արգելքի մասին և միայն դրանից հետ կրկնվելու դեպքում՝ տուգանում: Առաջին անգամ՝ 70 հազար, 2-րդ, 3-րդ դեպքերում՝ 100-200 հազար դրամ: Հասկանալու համար, թե արդյոք առևտրականներն արդեն խախտում անո՞ւմ են կամ արե՞լ են, թե՞ ոչ՝ օգնության է հասնում պարեկային ծառայության նոր համակարգը, որը տեղում առևտրականին նկարում է, սքանավորում, պարզում նրա հնարավոր խախտումների պատմությունը:
Հովիկ Սաֆարյան - Խնդիրն այն է, թե էդ քաղաքացիներից կարողանո՞ւմ են տուգանքը գանձել, թե՞ չէ, որովհետև շատերը չունեն գույք, անվճարունակ են, ու մնում են դրանք օդում կախված:
Ամիրյան փողոցում պատկերը փոքր ինչ այլ էր: Փողոցային առևտրով զբաղվողները քաղաքապետարանի աշխատակիցների զգուշացումները փողոցային վեճի վերածեցին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օրեր առաջ Երևանի տարբեր վարչական շրջաններում մեքենաների թափքից թռչնամիս վաճառելու ահազանգ էր ստացել: ՍԱՏՄ-ն զգուշացրեց՝ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ որևէ վերահսկողություն չի իրականացվում: Քաղաքապետարանից ասում են, որ գնացել են ահազանգի հետքերով, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:
Հովիկ Սաֆարյան - Բազմիցս արձանագրել ենք նման դեպքեր, արձանագրել ենք, երբ միս է վաճառվում փողոցում, արյունոտ, կացինով կոտրում են միսը, վաճառում են: Բազմաթիվ դեպքեր արձանագրում ենք, իրականում օրենքով նաև ավտոմեքենայի միջից վաճառքն է արգելվում, և նման դեպքեր արձանագրում ենք, նշանակվում են տուգանքներ:
Առևտրի ոլորտում 2021-ին տարբեր իրավախախտումների շուրջ 2000 արձանագրություն է կազմվել, կեսից ավելին փողոցային առևտրի դեպքեր են եղել: