Փետրվարի 27-ին Վատիկանի այգիներում վեր խոյացած Գրիգոր Նարեկացու արձանին ՀՀ դեսպանության կողմից մատուցվեց ծաղկեպսակ, ոգեկոչելով Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի կողմից դեռևս անցած տարի ընդունած որոշումը, որով փետրվարի 27-ը Հռոմեական գլխավոր օրացույցում ներառվել է որպես Նարեկացու հիշատակի օր։ Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից:
Փետրվարի 28-ին Հռոմում գտնվող Սուրբ Թոմաս Աքվինասի քահանայապետական համալսարանում տեղի ունեցավ տիեզերական եկեղեցու վարդապետի հոգևոր-գրական ժառանգությանը նվիրված միջոցառում, որի ընթացքում պրոֆ․ Աբրահամ Թերյանի (Նյու Յորք) կողմից ներկայացվեց «Ի խորոց սրտի» գիրքը և Նարեկացու աղոթքների մեկնաբանություններն ու թարգմանությունները։
Հանդես գալով ամփոփիչ ելույթով Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն ընդգծեց, որ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում «Խաղաղության վարդապետի» օրվա ոգեկոչումը կարևոր է՝ կառավարություններին, եկեղեցիներին, դիվանագիտական ու ակադեմիական համայնքներին միավորելու համար ընդդեմ պատերազմի, ցեղասպանության և մարդկությանը վրա հասած այլ աղետների։ Դեսպանը հավելեց, որ պրոֆ․ Թերյանի հեղինակած աշխատանքը, որով Նարեկացու վարդապետության հանրահռչակմանը կրկին տալիս է համաքրիստոնեական ու համամշակութային նշանակություն, նաև պատասխանն է Հայաստանի ու Արցախի պատմամշակութային ժառանգության հանդեպ շարունակվող անհանդուրժողականության ու ռասիզմի քաղաքականության։ Դեսպանը կոչ ուղղեց միջմշակութային երկխոսության միջոցով առավել ուշադրություն դարձնել հոգևոր գանձերի հանդեպ հարգանքին ու պաշտպանությանը։
Միջոցառմանը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի գրասենյակը և ՀՀ դեսպանությունը, մասնակցեցին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրին, Քրիստոնեական միասնության աջակցության քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ակադեմիական և հայ համայնքների ներկայացուցիչներ, Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Գրքի շնորհադեսին նախորդեց Սանտի Դոմենիկո Է Սիստո եկեղեցում եկեղեցական արարողություն՝ կարդինալ Կոխի և արք․ Պարսամյանի համանախագահությամբ: