ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Հայաստանի քաղաքական համակարգին:
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության 3 թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի ներդաշնակությունը՝ ուղղված պետական կառավարման՝ Սահմանադրությամբ նախատեսված համակարգի անխափան գործելուն:
«Այս համակարգում իր ուրույն տեղն ունի նաև նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որը հնարավորություն կտա ընդունելու, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանը շեշտեց ազգային հաշտեցման կարևորությունը, իրար լսելու ու հասկանալու ձգտումները:
«30 տարեկան դարձած մեր Հանրապետությունն իր գոյության կարճաժամկետ այս հատվածում շատ ձեռքբերումների կողքին ունեցել է նաև անդառնալի կորուստներ: Անդրադառնում եմ մեր մարդկային կորուստներին՝ այն քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. փառք ու պատիվ բոլորին, և այն քաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով հեռացան իրենց հայրենիքից: Կարծում եմ՝ մենք պայմաններ կստեղծենք այն մարդկանց համար, ովքեր կվերադառնան: Համոզված եմ նաև, որ չենք մոռանա մեր այն հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին մեր այսօրվան»,- ասաց Խաչատուրյանը:
Նախագահի թեկնածուն խոսեց նաև 2018 թվականի հեղափոխության մասին:
«Թավշյա հեղափոխությունն անհրաժեշտ էր մեր երկրին, ՀՀ քաղաքացիներիս: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների: Դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան: Սա հերթական փորձությունն էր քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող, այսինքն՝ պետք է կարողանայինք ուժ գտնել մեր մեջ՝ լինելով համբերատար և հույսով:
Հույսը և հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականն են: Այսօր էլ՝ հետպատերազմյան այս դժվարին ժամանակներում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը չեն վերացել, երբ չեն վերացել նաև նոր բախումների ու պատերազմների հնարավորությունը, երբ Արցախի մեր հայրենակիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը առավել քան հարկավոր են համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր մեր հայրենիքի ու միմյանց հանդեպ, որ մկրտվի մեր նոր Հայաստանը»,- ասաց Խաչատուրյանը: