Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների
համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին
համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարևորությունը, պարզեցրել է մաքսային
ընթացակարգերի գործընթացը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների
ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության:
Ընթացակարգերի պարզեցման արդյունքում էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական
գործընթացը, կկրճատվի դրա տևողությունը։
Նախկինում գործող ընթացակարգի համաձայն, այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսվարողը
նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի
ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսվարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին
դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:
Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է
տնտեսվարողներին՝ դրսևորել բացառապես օրինապահ վարքագիծ: Մաքսային ձևակերպումներն առաջին մեթոդով
(գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով և
խուսափել տարատեսակ անհարմարություններից:
Մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման
խնդրահարույց լինելուց և բարդությունից (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ և այլն):
Այսպես, նոր փոփոխությամբ ՊԵԿ աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով
իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես
մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի և մաքսային արժեքների
վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։