Կարիք ունենք իմաստության, կայունության, միաբանության և վստահության՝ ԱԺ-ում հայտարարեց հանրապետության նախագահի թեկնածուն: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին առաջադրել է «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցությունը: Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել և, ինչպես նախօրոք հայտարարել էր, բոյկոտեց նիստը: Խաչատուրյանն էլ պնդեց՝ ընդդիմությունից նեղացած չէ:
ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԼԻՆԵՄ ՀՀ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Պատասխանելով պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ նաև շեշտեց՝ բոլորի նախագահն է լինելու:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահի թեկնածու) - Ես համոզված եմ, որ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը, դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել նախագահ: Այսինքն՝ երբ ես կարդում եմ համազգային, ես հասկանում եմ, որ ՀՀ նախագահը նաև համազգային խնդիրների լուծման ինստիտուտ է, և ես պատրաստվում եմ այդպիսին լինել և այդ դերում հանդես գալ. ինձ համար որևէ խոչընդոտ չկա այդ դերում հանդես գալու:
Արդյոք նախագահի լիազորությունները սահմանափա՞կ են. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը շատ քննարկվող այս հարցի պատասխանը ցանկացավ հենց թեկնածուից լսել: Խաչատուրյանը նկատեց՝ լիազորությունները բավարար են պետության գլուխ լինելու համար: Անդրադառնալով գերիների խնդրին՝ թեկնածուն վստահեցրեց՝ նախագահը պարտավոր է միջազգային հարթակներում, պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նպաստել մեկ օր առաջ գերիների վերադարձին: Խաչատուրյանը ներկայացրեց նաև իր դիրքորոշումը Կառավարության՝ խաղաղության դարաշրջան բացելու օրակարգի վերաբերյալ:
ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Վահագն Խաչատուրյան - Ես Հայաստանի զարգացումը այլ կերպ չեմ տեսնում: Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցությունների հարթակ: Մենք ունենք հարևաններ և պիտի կարողանանք այդ հարևանների հետ խաղաղ ապրել:
Կոմունիկացիաների բացումը, շրջափակումից դուրս գալը, հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը տնտեսական հսկայական պոտենցիալ կարող են լինել. նշեց հանրապետության նախագահի թեկնածուն իր եզրափակիչ ելույթում:
Վահագն Խաչատուրյան - Եթե ապրանքները չեն անցնում սահմանները, սահմաններն անցնում են զինվորները: Այլընտրանքը սա է լինելու: Եթե մենք խոսում ենք սահմանները փակ լինեն, եթե խոսում ենք տարածաշրջանային այս իրավիճակը շարունակվի, համագործակցություն չլինի, եթե մենք չենք խոսում խաղաղության մասին, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի, չեմ կարծում որ սա մեր երազանքն է կամ նպատակը, ես գիտեմ, որ մենք պատերազմ չենք ուզում: Մենք մի խնդիր ունենք, որ պարտավոր ենք և պարտադրելու ենք բոլորին, որ մեր իրավունքները հարգեն: Իսկ դա մենք կարող ենք անել, երբ մեր տնտեսությունը հզոր է, մենք կայուն ենք, երբ համախմբված ենք, երբ մեր քաղաքական շահերը գերադաս չեն պետական շահերին: Այս պայմաններում մենք այդ ինքնավստահությունը և իրավունքը կունենանք՝ պահանջելու հարգել մեր իրավունքը: Լուծումը սրա մեջ եմ ես տեսնում, և այս շրջանակներում հանրապետության նախագաի դերը առավել կարևորում եմ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԲՈՅԿՈՏԻՆ
Կառավարող խմբակցությունը վստահ է, որ Խաչատուրյանի գործողությունները ընտրվելուց հետո կլինեն ի շահ երկրի՝ հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը: Անդրադարձավ նաև ընդդիմության բոյկոտին: Նշեց՝ սա նրանց ձեռագիրն է՝ չմասնակցել քաղաքական կարևորագույն գործընթացներին: Թեման շարունակեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մեր ընդդիմադիր գործընկերները ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև՝ ա) ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով համապատասխանել այդ պաշտոնին չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն, և բ) նրանք նույնիսկ իրենց միջից էլ չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև ինչպես մի անգամ ասել եմ՝ «Հայաստան» դաշինք գոյություն չունի, «Հայաստան» խմբակցության մեջ կան 3-4 խմբակցություններ, որոնց համար ավելի լավ է աշխարհը շուռ գա, քան իրենց գործընկերը լինի նախագահի թեկնածու: Հավելեմ՝ «Պատիվ ունեմ» խմբակցություն նույնպես չկա, այնտեղ նույնպես կա 3-4 խմբակցություն: Սա է միակ պատճառը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այսօր այստեղ մեզ հետ չեն:
Հանրապետության նախագահի ընտրությունը կայացավ այսօր, արդյունքները կհայտարարվեն վաղը: Ըստ մայր օրենքի՝ առաջին փուլով ընտրվելու համար Վահագն Խաչատուրյանին անհրաժեշտ է ստանալ 81 ձայն: Եթե առաջին փուլով չի ընտրվում, ապա անցկացվում է 2-րդը, որի ժամանակ 65 ձայնը բավարար կլինի: Սահմանադրության 127-րդ հոդվածի պահանջով՝ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը: