Մարտի 2-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ մեկնարկում է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը՝ հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար: Ընդհանուր առմամբ, կանխիկ դրամական աջակցություն կստանա 8491 տեղահանված անձ, որից 3631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):
2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ):
Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:
Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են.
-
Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40 000 դրամ.
-
այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20 000 դրամ։
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466 000 000 դրամ: