Շինարարական բումը, որ նկատվում է վերջին տարիներին, ժամանակավոր բնույթ չի կրում՝ ասում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը: Նորակառույցների մեծ պահանջարկ կա, և շինարարության այսօրվա տեմպը բավարար չէ:
Արմեն Սաքապետոյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ) - Վերջին 30 տարիների ընթացքում շատ քիչ է եղել կառուցապատումը, և որպեսզի ռոնվացվի, կամ մարդը իր հին բնակարանից դուրս գա և նոր բնակարանում բնակվի, առնվազն Հայաստանում 800 հազար քառակուսի մետր կառուցապատում պետք է շահագործվի: Առավելագույնը եղել է 2007-2008 թվականներին և 2019-2020 թվականներին՝ մոտ 400-500 հազար քառակուսի, ինչը բավարար չէ այդ ռենովացիան անելու համար: Սա մեր պոտենցիալը չէ, սա պետք է ավելի շատանա:
Կառուցապատմանն աջակցելու, ոլորտում առաջացող խնդիրների լուծման նպատակով, արդեն մեկ տարի գործում է աշխատանքային խումբ: Վահան Քերոբյանի կարծիքով՝ Հայաստանը երկարատև, գրեթե տասնամյա տնտեսական լճացումից դուրս է եկել, դա էլ բերել է շինարարության ոլորտի ակտիվացմանը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - էն գործիքները, որ Կառավարությունը ստեղծել է՝ խթանելու ոլորտի զարգացումը, աշխատել են, տվել են իրենց լավ արդյունքը:
Անշարժ գույքի շուկայի աշխուժացման գործում մեծ դեր խաղաց եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Սակայն այն կդադարի գործել 3 տարուց և կպահպանվի միայն մարզերում: Արդյունքում՝ որոշակի անկում սպասվում է, ասում է Սաքապետոյանը, սակայն որպես այլընտրանք՝ այլ ծրագրեր են ներկայացրել կառավարությանը:
Արմեն Սաքապետոյան - Կառավարությանն առաջարկել են երեք նոր գործիքներ, որոնք կարող են փոխարինել այս ծրագրին:
Անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում նկատվում է գների աճ: Պատճառը, ըստ Սաքապետոյանի, շինանյութի թանկացումն է:
Արմեն Սաքապետոյան - Համեմատելով 19-20 թվականի գների հետ տեղի է ունեցել շինանյութի և աշխատուժի 25 տոկոս թանկացում, եթե 18-20 թթ. մեկ քառակուսի մետրի ինքնարժեքը 300 դոլար էր, այսօր 400-50 դոլարի է հասնում:
Կառուցապատողների և ջուր, հոսանք ու գազ մատակարարող ընկերությունների միջև մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: 307 շենքի կառուցապատումն անավարտ է մնացել: Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս՝ թե ով է պարտավոր նորակառույցներում իրականացնել այդ համակարգերի կառուցումն ու շահագործումը:
Վահան Քերոբյան - Կարծում եմ, որ բանակցությունները հաջողությամբ կընթանան, և կգանք ընդհանուր հայտարարի:
Կառուցապատողներն ասում են՝ շինարարական բում է սպասվում նաև Մեղրիում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան