Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության ցուցանիշով Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների շարքում երկրորդն է, առաջին տեղում հարևան Վրաստանն է: Համաշխարհային բանկի 2020 թվականի ուսումնասիրությունն է: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը մայրաքաղաքում է, փաստերը՝ թվերով.
Վարդան Թադևոսյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար) - 2021-ի ընթացքում քննվել է 361 քրեական գործ, որից 228-ը փոխանցվել է 2020 թվականից, 58-ը հարուցվել է, 130-ը ստացել է հետաքննություն, հարուցվել դատախազի կողմից, 3-ը ստացվել է այլ մարմիններից, 24-ի վարույթը վերսկսվել է, 4-ը՝ վերադարձվել լրացուցիչ քննության:
Արագության գերազանցում, մեքենայի անսարքություն, անուշադրություն. վթարների հիմնական պատճառներն են: Մասնագետների խոսքով՝ մեղավոր են թե՛ վարորդը, թե՛ հետիոտնը: Մահվան ելքով վրաերթերի մեծ մասն արձանագրվել է Մյասնիկյան և Արշակունյաց պողոտաներում: Ըստ 2021-ի վերլուծության՝ ամեն երրորդ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Էդվարդ Կարապետյան (ՀՀ քննչական կոմիտեի Երևանի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ) - Վթարների և վրաերթերի հիմնական աճ ունենք նաև 20 թվականի համեմատ՝ 21 թվականին շուրջ 13 տոկոսով: Ցավոք սրտի, պետք է արձանագրվի, որ մեծ քանակ է կազմում նաև վրաերթերի քանակի աճը, քան վթարների:
Մտահոգող է իրավիճակը նաև մարզերում: Երևանից դուրս վթարների մեծ մասն արձանագրվել է Արմավիր-Վաղարշապատ և Երևան-Սևան ճանապարհահատվածներում. այստեղ գրեթե ամեն օր կարելի է վթարի ականատես լինել:
Պողոս Շահինյան (Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար) - Ամբողջ պատճառն արագությունն է: Մենք պետք է հասկանանք, որ երբ նստում ենք մեքենա, միայն մենք չէ, որ պետք է կառավարենք, այլ նաև մեքենան, որը մեխանիզմ է, և դրանց պետք է ժամանակ, առաջին ժամանակը պետք է մեզ, որպեսզի հասկանանք վտանգը և հասցնենք, որ ոտքը սեղմի արգելակին:
Ըստ միջազգային ուսումնասիրության՝ 1 տոկոսով արագության գերազանցումը մահացության ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը ավելացնում է 4 տոկոսով: