Կարևորելով ուսանողների` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործումը, պետություն-գիտակրթական համայնքի ամրապնդումը, համատեղ ուսումնամեթոդական նյութերի մշակումը և փորձարկումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Օգտագործելով նախարարության և համալսարանի ներուժը՝ կողմերը համագործակցելու են զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական աջակցության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու իրացման և մի շարք այլ ուղղություններով։
Համագործակցության շրջանակում իրականացվելու են նաև հետազոտական աշխատանքներ, այդ թվում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի շրջանակում մեթոդական ձեռնարկների և գնահատման թեստերի պիլոտային փորձարկումն ապահովելու համար թեստերի թարգմանություն, տեղայնացում և հայերեն տարբերակների միջազգային ճանաչման գործընթացի կազմակերպում։
Հուշագրի շրջանակում համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան իրենց պրակտիկան կազմակերպել նախարարությունում, այդ թվում՝ ներգրավվել հետազոտական աշխատանքներում և մասնագիտական վերապատրաստումներում։
Նախատեսվում է նաև ըստ անհրաժեշտության ոլորտային գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում, նախարարության ոլորտային բարեփոխումների շրջանակում փորձագիտական աջակցություն։