Խերսոն քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Քաղաքացիական ենթակառուցվածքները, կենսական կարևորության օբյեկտները և հասարակական տրանսպորտը քաղաքում գործում են ամենօրյա ռեժիմով: Մարիուպոլը շրջափակման մեջ է:
Ուկրաինայում կան հեռուստատեսային հեռարձակման խափանումներ։ Նախօրեին ռուսական կողմը խոցել էր Կիևի հեռուստաաշտարակը:
Լարված է իրավիճակը նաև քաղաքական դաշտում։ Տարբեր երկրներ փորձում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ «ԱՄՆ-ը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին» և հավելել, որ դաշնակիցների հետ Վաշինգտոնն ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Մենք արդեն մոբիլիզացրել ենք ցամաքային, ծովային և օդային ուժերը՝ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Լեհաստանին, Ռումինիային, Լատվիային, Լիտվային և Էստոնիային: Այսօր մենք տեսնում ենք առավել միասնական Եվրոպա, առավել միասնական Արևմուտք:
Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքի ամեն դյույմը՝ մեր հավաքական ողջ ուժով: Սակայն հստակեցրել՝ մեր ուժերը ներգրավված չեն և չեն հակամարտելու Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ։
Միացյալ Նահանգների նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ. Այն տևել է մոտ կես ժամ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչպես նաև Ուկրաինային օգնելու տարբերակները։ Բայդենը հայտնել է Ուկրաինային տնտեսական, անվտանգային և հումանիտար աջակցության պատրաստակամության մասին։
Կայացել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Օլեքսի Ռեզնիկովի և Լլոյդ Օստինի հեռախոսազրույցը։ Կողմերը մտադրություն են հայտնել համակարգել գործողությունները:
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական մի շարք բանկեր SWIFT համակարգից անջատելու որոշմանը՝ ասված է Միությունում Ֆրանսիայի ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Հաստատվել է նաև ԵՄ տարածքում RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության հեռարձակման արգելքը։
Եվրախորհրդարանի պատգամավորներն էլ միաձայն հավանություն են տվել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը դատապարտող բանաձևին: Փաստաթղթում ընդգծվում է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է ընդլայնվեն և թուլացնեն երկրի տնտեսությունը։ Եվրախորհրդարանը դատապարտել է նաև Բելառուսի մասնակցությունը գործողությանը։
Թուրքիան սահմանափակել է ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի՝ պատերազմով պայմանավորված՝ թուրքական կողմը կարող է սահմանափակել ռազմանավերի մուտքը Սև ծով. բացառություն են կազմում միայն առափնյա երկրների Սևծովյան նավատորմերի ռազմանավերը: Այս հիմքով՝ թուրքական կողմն արդեն իսկ արգելել է 3 ռուսական ռազմանավի մուտքը Սև ծով:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անընդունելի է համարում Ուկրաինայում ՌԴ գործողությունները և բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի պայքարն իրենց երկրի համար: Միևնույն ժամանակ, Անկարան հստակեցրել է՝ Թուրքիան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Մեծ Բրիտանիան օրենք է ընդունել, որի համաձայն՝ իշխանությունները լիազորություն են ստանում կալանել ռուսական նավերը։ Կանադան նույնպես մտադիր է արգելել ռուսական նավերի մուտքն իր նավահանգիստներ և տարածքային ջրեր։
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկում՝ փորձելով մեղմել դրանց հետևանքները տնտեսության համար:
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրի ֆինանսական կայունությունն ապահովելու համար լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին։ Մասնավորապես, մարտի 2-ից գործարքների հատուկ ընթացակարգ է սահմանվում օտարերկրյա այն անձանց համար, որոնք կապ ունեն Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների հետ։ Արգելվում է նաև Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլարին համարժեք կանխիկ արտարժույթի դուրսբերումը։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հնարավոր երկրորդ հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է կայանա այսօր՝ Լեհաստան-Բելառուս սահմանին: Սակայն այս հարցի հետ կապված դեռևս հստակություն և որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է` պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցություններին վերադառնալու իր պայմանը: «Անհրաժեշտ է կրակի ամբողջական դադարեցում»,- ընդգծել է Զելենսկին CNN-ին և Reuters-ին տված հարցազրույցում։ Նախագահը հավելել է՝ եթե գործընկերները չեն ցանկանում, որ Կիևն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Ուկրաինային պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրեն:
Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ դեռ վաղ է դրա մասին խոսել։