Ազգային ժողովը քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է, որին առաջադրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Ըստ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը առաջին փուլում կհամարվի ընտրված, եթե ստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որի ժամանակ արդեն բավարար կլինի պատգամավորների ձայների 3/5-ը:
Մայր օրենքի 127-րդ հոդվածի պահանջով էլ՝ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօրվա նիստում ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, ապա շեշտեց, որ նա մասնակցել է մեր երկրի կայացման բազմաթիվ ծրագրերի:
«Պարոն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով, իր կենսագրությամբ ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը: Պարոն Խաչատուրյանն իր քաղաքական խոհեմությամբ միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով և պատասխանատվությամբ իրագործել»,- ասաց Կոնջորյանը: