ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում ներկայացրեց ԳՇ պետի պաշտոնում կադրային փոփոխությունների մասին:
«Եթե մենք հետևենք տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցեղ փոփոխություններին և միայն առաջնորդվենք ըստ այդմ, հնարավոր է՝ մենք որևէ փոփոխություն ընդհանրապես չանենք: Վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կանխորոշել հնարավոր չէ»,- ասաց Պապիկյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին:
Պապիկյանն ընդգծեց՝ թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան:
«Մենք, բնականաբար, այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու: Վստահ եմ, որ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պետք է վստահել, պետք է հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին: Ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից, և, բնականաբար, մեր այս դիրքորոշումն ու մոտեցումը, որը, ի դեպ, վերջին իրադարձություններից մեկ օր առաջ է տեղի ունեցել, բնականաբար, բխում է ՊՆ ղեկավարի դիրքորոշումից, բայց դա համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ, և ամեն ինչ տեղի է ունենում ըստ կարգի, ընթացակարգերի և ըստ քաղաքական վերադասության:
Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, կարծում եմ՝ բոլոր կադրերն իրենց տեղում են. ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը տալիս է նրան ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ, կարծում եմ՝ որևէ խնդիր կամ վտանգ մենք սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել. ավելին՝ ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնելու բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ-ծանոթ և այլ կապերից»,- նշեց նախարարը:
Պապիկյանի խոսքով՝ կան բազմաթիվ սպաներ, որոնք դեռ չեն զբաղեցնում իրենց արժանի տեղերը, այդ թվում՝ նաև վիրավոր սպաներ:
«Ես շաբաթվա ընթացքում հանդիպում եմ 5 տասնյակի չափ սպաների, և ըստ այդմ են ձևավորվում պատկերացումները, մոտեցումները և տրվող առաջարկները երկրի ղեկավարին, և նրանք, ովքեր ինձ հետ դեռևս չեն հանդիպել, կամ ես պատիվ չեմ ունեցել նրանց հանդիպելու, կհանդիպեմ, և բոլոր արժանի մարդիկ հնարավորինս օբյեկտիվ կերպով կզբաղեցնեն իրենց արժանի տեղը»,- ասաց պաշտպանության նախարարը: