Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը կայուն է: Վերջին 14 օրվա դեպքերը նախորդ 14 օրվա համեմատ նվազել են 69 տոկոսով: Վարակի վերարտադրողական ցուցանիշը մեկից ցածր է:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Փակ տարածքներում անձինք կարող են դիմակներ չկրել, սակայն առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս ամեն դեպքում, խորհրդի կարգով, որ դիմակներ կարող են կրել անձինք՝ փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության 36.15
Բացառություն են կազմում բուժհաստատությունները, որտեղ վարակվելու ռիսկը մեծ է: Այստեղ դիմակը պարտադիր է ինչպես բուժաշխատողների, այնպես էլ այցելուների համար: Բաց տարածքներում դիմակ դնելու և հաստատություններում ջերմաչափելու պարտադիր պահանջը ավելի վաղ էր հանվել: Մյուս սահմանափակումները դեռ ուժի մեջ են մնում, այդ թվում` QR կոդ ներկայացնելու պահանջը:
Համավարակի այս ընթացքում նշվում էր, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակը ավելի վարակիչ է, քան դելտան, օմիկրոնի տարատեսակն էլ ավելի վարակիչ է: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված դեպքերի նվազումը:
Ըստ Աբովյանի` այս հիվանդությունը համաճարակաբանական օրինաչափություններին չի ենթարկվում. «Երեք-չորս ամիսը մեկ մենք ունենում ենք նոր դեպքերի կտրուկ աճ, և դա ոչ միայն ՀՀ-ում է, այլև ամբողջ աշխարհում, այսինքն՝ ունենում ենք վերելքներ և վայրէջքներ»:
Կանխատեսվում է, որ հաջորդ վերելքը կարող է լինել ապրիլ-մայիսին: Ու չի բացառվում, որ նորից անհրաժեշտություն առաջանա դիմակը պարտադիր դարձնել:
ժամանակին, երբ սահմանափակումն ուժի մեջ մտավ, շատերն ընդվզում էին դրա դեմ ու պնդում, թե դիմակով շնչելը կամ ավելի շուտ կարգին չշնչելը կորոնավիրուսից շատ ավելի է վնասում առողջությունը: Ռոմելլա Աբովյանը հարցին՝ կա՞ ուսումնասիրություն, հայտնաբերված որևէ դեպք, երբ առողջական խնդիրներ են առաջացել դիմակը երկարատև կրելու հետևանքով, պատասխանել է.
«Յուրաքանչյուր արտադրված դիմակ՝ բժշկական դիմակ կլինի, 95 կամ Ֆ2, այդ դիմակները արտադրվում էն համապատասխան ստանդարտների: Այսինքն՝ ստանդարտներում հստակ չափանիշներ կան, թե ինչպիսին պիտի լինի դիմակը, և առաջին պահանջներից է, որ դիմակը պետք է ապահովի պատշաճ օդափոխանակությունը: Որպես այդպիսին, եթե դիմակը արտադրված է այդ ստանդարտին համապատասխան, այդ դիմակը առողջության համար վնաս չի կարող ներկայացնել ուղղակի»:
Դիմակի հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերելու դեպքեր էլ չեն հայտնաբերվել, ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը: