Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:
Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11 775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37 459 դեպք) նվազել է 69%-ով:
Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%, նախորդ 37.9%-ի փոխարեն:
Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված՝ կրկին կարող են վերանայվել: