ՀՀ դատախազությունում իրականացված ամփոփմամբ պարզվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվել է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված 556 քրեական գործ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով դատախազին բացառիկ իրավունք է վերապահված հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի բոլոր այն դեպքերով, երբ անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ Դատախազության տարածքային ստորաբաժանումների դատախազների կողմից 2021 թ. ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է ընդհանուր 51 քրեական գործ, որը 2020 թ. համեմատ ավելի է շուրջ 3.5 անգամ:
Քրեական գործերի գերակշիռ մասը հարուցվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Արարատի և այլ մարզերում կատարված ընտանեկան բռնությունների դեպքերով՝ հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ, 118-րդ, 37-րդ հոդվածների հատկանիշներով:
Ընդ որում՝ դրանց մի մասը դատախազները հարուցել են ՀՀ ոստիկանության համապատասխան բաժիններում քրեադատավարական կարգով նախապատրատված նյութերի հիման վրա: Իսկ մի մասի դեպքում դատախազները քրեական գործեր հարուցել են այն բանից հետո, երբ ստուգելով նախապատրաստված նյութերով հետաքննության մարմինների կողմից հիմնականում հաշտության հիմքով կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, պարզել են, որ բռնարարքներից տուժած անձինք, ըստ էության, գտնվում են անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ, ինչի պատճառով չեն կարող ինքնուրույնաբար պաշտպանել իրենց իրավաչափ շահերը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատախազական վերոնշյալ գործառույթի կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս 2018 թ. դատախազների համար մշակվել է ուղեցույց: Համաձայն վերջինիս՝ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր ստուգվում է բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության մեջ լինելու հանգամանքը:
Այս համատեքստում վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները վերոնշյալ բոլոր դեպքերով կազմակերպել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություներ՝ անձամբ հավաստիանալու ընտանիքում բռնության ենթարկված անձի անօգնական վիճակում գտնվելու, ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու, կյանքին կամ առողջությանը իրական և անմիջական վտանգ սպառնալու հարցում:
Ընդհանուր առմամբ, 2021 թ. մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ընտանեկան բռնությունների վերաբերյալ 129 քրեական գործ՝ 135 անձի վերաբերյալ:
Հարկ է նշել նաև, որ 2016 թ. Լոռու մարզում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի վերաբերյալ գործով 2021 թ. ՀՀ վճռաբեկ դատարանը, բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և համաձայնելով դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, կայացրել էր ընտանեկան բռնությունների դեպքերով քննությունների, արարքի որակման տեսանկյունից կարևոր, նախադեպային որոշում տուժողի՝ բռնարարից նյութական կախվածության մեջ գտնվելու, վերջինիս գործողություններն առանձին դաժանությամբ կատարված լինելու քրեաիրավական հատկանիշների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վատ վերաբերմունքի վերաբերյալ ՄԻԵԴ մոտեցումները, փաստել էր, որ առանձին դաժանությունն անգթության, անողոքության, վայրագության և անխղճության դրսևորման բարձր աստիճանն է և ուղղված է տուժողին առանձնակի տանջալից ապրումներ պատճառելուն։ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում էր արտահայտել նաև առ այն, որ հանցավորից տուժողի նյութական կախվածություն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ վերջինս ֆինանսական տեսանկյունից ուղղակիորեն կախված է հանցավորից, այլև, երբ տուժողի համար նախատեսված նյութական օգնությունը կամ եկամուտն ամբողջությամբ կամ դրա էական մասը տնօրինվում է հանցավորի կողմից, վերջինս զրկում է տուժողին դրանից ինքնակամ օգտվելու հանրավորությունից: