Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կկայանա վաղը Բելառուսում` Բելովեժյան թավուտում։ Ռուսական կողմն արդեն տեղում է, փոխանցվում է, որ ուկրաինական պատվիրակության անդամները շարժվել են Կիևից։
Հանդիպումից առաջ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողի համաձայնության հասնել. «Բանակցությունները դրական կհամարվեն, եթե Ուկրաինան կատարի իրավիճակը կարգավորելու համար Վլադիմիր Պուտինի բարձրաձայնած պահանջները»։ Պաշտոնական Կիևը նույնպես հաստատել է, որ պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն վերջնագրեր չի ընդունի:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ
Չնայած երկրորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությանը` իրավիճակն Ուկրաինայում շարունակում է լարված մնալ։ Խերսոն քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ, Մարիուպոլը շրջափակման մեջ է, հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները: ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 1500 օբյեկտ։ Բելառուսն էլ ուժեղացրել է սահմանների պահպանությունը արևմտյան և հարավային ուղղություններում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերը փորձում են շրջափակել Կիևը հյուսիս-արևելքից։ «Սևծովյան գոտում ռուսական կողմը ռազմածովային ուժեր է տեղակայում և պատրաստվում ծովային դեսանտային գործողության Օդեսայի ուղղությամբ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովն էլ հայտնել է, որ Ուկրաինա է ժամանել թուրքական անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ: ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան, իր հերթին, նշել է, որ Ուկրաինան զենք է ստանում աշխարհի 19 երկրից, տասնյակ պետություններ էլ ցուցաբերում են հումանիտար և ֆինանսական օգնություն։
«Մենք մոբիլիզացրել ենք միջազգային հակապատերազմական դաշինք, որն արդեն ներառում է առնվազն 86 պետություն և 15 միջազգային կազմակերպություն։ 16 երկրից կամավորներ են ժամանում Ուկրաինա, նրանց ընդհանուր թիվն արդեն գերազանցել է հազարը»,- հայտնել է նախարարը։
Կուլեբան նաև բանակցություններ է անցկացրել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։ Վերջինս վստահություն է հայտնել, որ Թբիլիսիից հետ կանչված Ուկրաինայի դեսպանը շուտով կվերադառնա։ Ուկրաինայի դեսպանը հետ էր կանչվել Վրաստանի կողմից կամավորների մեկնումը Ուկրաինա խոչընդոտելու, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիանալու համար։
Այսօր իրենց աշխատանքն են դադարեցրել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանությունը և Սանկտ Պետերբուրգում գործող հյուպատոսությունը։ Ներկայացուցչությունների աշխատակիցները իջեցրել են Ուկրաինայի ազգային դրոշը և հեռացրել ցուցանակը շենքի պատից։ Կիևը Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունից ժամեր անց։
ՌԴ-ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծանում է: ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ Վաշինգտոնը Ուկրաինայի կողքին է:
«Ռոստուրիզմը» և «Ռոսավիացիան» մի շարք երկրների կողմից Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու ֆոնին հայտնել են, որ աշխատանքներ են տանում արտասահմանում գտնվող ռուս զբոսաշրջիկներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Գերատեսչությունները խորհուրդ են տվել նաև ուսումնասիրել երրորդ երկրների, այդ թվում` Հայաստանի, տարածքով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունը։
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական 7 բանկը SWIFT համակարգից անջատելու որոշմանը։ Միությունը մշակում է նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդեն 4-րդ փաթեթը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հստակեցրել է՝ Միությունը չի պատերազմում Ռուսաստանի հետ, սակայն աջակցում է Ուկրաինային։ Իսկ պատժամիջոցներն ընդամենը արձագանքն են ստեղծված իրավիճակին։ Նա հավելել է՝ եվրոպական բանակի ստեղծում ներկայումս օրակարգում չկա։
Եվրամիության անդամ երկրների տնտեսությունների վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական ազդեցության մասին են խոսել Եվրահանձնաժողովում։
«Մեր պատժամիջոցներն անխուսափելիորեն բացասական հետևանքներ կունենան Միության համար՝ գնաճի և էներգետիկ ոլորտում գների վրա ճնշումների պատճառով: Բայց սա այն գինն է, որն արժի վճարել ժողովրդավարության և խաղաղության պաշտպանության համար»,- նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Թուրքիան սահմանափակել է ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի՝ պատերազմով պայմանավորված՝ թուրքական կողմը կարող է սահմանափակել ռազմանավերի մուտքը Սև ծով. բացառություն են կազմում միայն առափնյա երկրների Սևծովյան նավատորմերի ռազմանավերը: Այս հիմքով՝ թուրքական կողմն արդեն իսկ արգելել է 3 ռուսական ռազմանավի մուտքը Սև ծով:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անընդունելի է համարում Ուկրաինայում ՌԴ գործողությունները, սակայն, միևնույն ժամանակ, Անկարան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
Ռուսաստանի դեմ սահմանափակումներ է մտցրել նաև ամերիկյան Google ընկերությունը․ ամբողջ Եվրոպայում արգելափակել են ռուսական լրատվամիջոցներին առնչվող հավելվածները Play Store-ում։ Apple ընկերությունն էլ հայտարարել է Ռուսաստանում իր սարքավորումների վաճառքի դադարեցման մասին։
Պատժամիջոցները չեն շրջանցել նաև կինոոլորտը․ Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը, Paramount կինոստուդիան դադարեցրել է ֆիլմերի թողարկումը Ռուսաստանում։ Netflix ընկերությունն էլ հրաժարվել է հեռարձակել ռուսական 20 ալիք։
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկում՝ փորձելով մեղմել դրանց հետևանքները տնտեսության համար:
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ երկրի ֆինանսական կայունությունն ապահովելու համար լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին։
Մասնավորապես, մարտի 2-ից գործարքների հատուկ ընթացակարգ է սահմանվում օտարերկրյա այն անձանց համար, որոնք կապ ունեն Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների հետ։ Արգելվում է նաև Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլարին համարժեք կանխիկ արտարժույթի դուրսբերումը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան պատրաստ էր պատժամիջոցներին, սակայն զարմացած է, որ դրանք տարածվում են նաև մարզիկների, լրագրողների և մշակութային գործիչների վրա։