Աշխարհի երկու խոշորագույն՝ Նյու Յորքի և «Նասդաք» ֆոնդային բորսաները Ռուսաստանում գործող ընկերությունների բաժնետոմսերով ժամանակավորապես դադարեցրել են առևտուրը: Պատճառը Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններն են և դրանց հետևած՝ Մոսկվայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: «Նասդաքի» ցուցակում, օրինակ, դադարեցվել են «Օզոնի», «Քիվիի», «Յանդեքսի» բաժնետոմսերի առևտուրը: Նյու Յորքի բորսայի սահմանափակումների ցուցակում ևս ռուսական նշանավոր ընկերություններ են հայտնվել: Այս քայլով բորսաները, ըստ էության, ներդրողներին ժամանակ են տվել, որ հնարավորություն ունենան ուսումնասիրելու իրավիճակը և գնահատելու ռիսկերը:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Բորսաները սպասում են, որպեսզի հստակություն լինի պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ, և քանի դեռ չկա հստակություն, վերջիններս չեն շարունակի թույլ տալ գնանշումներ իրականացնել այդ բաժնետոմսերով:
Տարբեր պատժամիջոցներով Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու քաղաքականություն է վարվում՝ ընդգծում է տնտեսագետը: Աշխարհի մնացած խոշոր բորսաներում ռուսական բաժնետոմսերի առևտուրը շարունակվում է, սակայն դրանք պատմական մինիմումի վրա են:
Նարեկ Կարապետյան - Հատկապես բանկային հատվածի, օրինակ՝ «Սբերբանկի» բաժնետոմսերը Լոնդոնի բորսայում 1 դոլարից ցածր գնով են գնանշվում: Ամբողջ աշխարհում ներդրողները շատ մեծ անորոշություններ են տեսնում ռուսական ակտիվներում իրենց ներդրումները պահպանելու, այնուհետև դրանցից դիվիդենտներ ստանալու և դրանք վերավաճառելու հնարավորությունների հետ կապված:
Ռուսական բիզնեսում միջազգային ընկերությունները բավականին մեծ ներգրավվածություն ունեն դեռ 2000-ականներից: Միայն ռուսական պետական պարտատոմսերում արտաքին ներկայությունը մոտ 20 տոկոս է, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդ թիվը շատ ավելի բարձր կարող է լինել` նշում են մասնագետները:
Նարեկ Կարապետյան - Նման իրավիճակի պահպանման դեպքում դրանք դառնալու են տեղական կազմակերպություններ, որտեղ չկա միջազգային ներկայություն, կլինի միայն ռուսական ներկայություն, դրանք հասանելիություն չեն ունենա միջազգային կապիտալի շուկային և չեն կարողանա միջոցներ ներգրավել, և, ընդհանուր առմամբ, վերջիններիս ինչպես ներդրողները կտուժեն, որովհետև էդ ակտիվների գինը զգալիորեն՝ բազմակի նվազել է, այնպես էլ այդ կազմակերպությունների ընդհանուր գործունեությունը կտուժի թերֆինանսավորման հետևանքով:
Նաև այս նպատակով է, որ այսօր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրեց՝ իրավական միջոցներ են ձեռնարկվում օտարերկրյա բիզնեսին հնարավոր քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Գործող պատժամիջոցային պայմաններում օտարերկրյա գործարարները ստիպված են առաջնորդվել ոչ տնտեսական գործոններով, որոշումներն էլ ընդունվում են քաղաքական ճնշման ներքո: Բիզնեսին հավասարակշռված որոշումներ ընդունելու հնարավորություն ընձեռելու նպատակով նախապատրաստվել է նախագահի հրամանը, որով ժամանակավորապես սահմանափակվելու է ռուսական ակտիվներից նրանց դուրս գալու հնարավորությունը:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ Մոսկվան նախկինի պես օտարերկրյա բիզնեսը դիտարկում է որպես պոտենցիալ գործընկեր և հնարավոր ներդրողների հետ բաց է կառուցողական քննարկումների համար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան