Համատեղ աշխատանքի և բարեփոխումների արդյունքում կկարողանանք լավագույնս առաջ մղել ՀՀ-ի պետական շահը. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 30-ամյակի և Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. սա, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունի մեկ նպատակ` բազմապատկել, բարելավել բնականոն զարգացման հնարավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը:
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի հարաբերությունները միջազգային կառույցների և տարբեր երկրների հետ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն:
Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է: Մեզ համար մեծագույն խնդիր և առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, և բազմիցս ենք ասել, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից առաջ քաշած սկզբունքների և տարրերի հիման վրա:
Արցախի հայության իրավունքների լիարժեք և ամբողջական պաշտպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից է: Այս և արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ Հայաստանն այսօր ակտիվ երկխոսության մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ:
Հարգելի ներկաներ,
այս երեսուն տարիների ընթացքում Հայաստանը հանդիսացել է միջազգային հանրության պատասխանատու անդամ և վստահելի գործընկեր, իր ներդրումն է բերել բազմակողմանի միջազգային իրավակարգի ամրապնդմանը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությանը, վեճերի խաղաղ կարգավորմանը, կայուն զարգացման խրախուսմանը ու մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։
Դիվանագիտությանը, արտաքին հարաբերություններին նվիրված այս միջոցառման ժամանակ չեմ կարող չխոսել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին: Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որի հետևանքները, հիմա արդեն ակնհայտ է, ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: