Խերսոն քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ, իսկ Մարիուպոլը շրջափակման մեջ է՝ հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները: ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 1500 օբյեկտ։ Բելառուսն էլ ուժեղացրել է սահմանների պահպանությունը արևմտյան և հարավային ուղղություններում։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական զինված ուժերը փորձում են շրջափակել Կիևը հյուսիս-արևելքից։ «Սևծովյան գոտում ռուսական կողմը ռազմածովային խումբ է տեղակայում և պատրաստվում ծովային դեսանտային գործողության Օդեսայի ուղղությամբ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովն էլ հայտնել է, որ Ուկրաինա են ժամանել թուրքական անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ:
«Նոր «Բայրաքթարներն» արդեն մարտական հերթապահություն են անցել: Ավելի շատ «Սթինգեր» և «Ջեվելին» համակարգեր են լինելու: Եվրոպան դառնում է մեր թիկունքը և տրամադրում այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է պաշտպանության համար»,- նշել է նա:
Մեծանում է ճնշումը նաև Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի համար՝ հայտարարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ «ԱՄՆ-ը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին»՝ հավելելով, որ դաշնակիցների հետ միասին Վաշինգտոնն ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Մենք արդեն մոբիլիզացրել ենք ցամաքային, ծովային և օդային ուժերը՝ մեր դաշնակիցներին պաշտպանելու համար, այդ թվում՝ Լեհաստանին, Ռումինիային, Լատվիային, Լիտվային և Էստոնիային: Այսօր մենք տեսնում ենք առավել միասնական Եվրոպա, առավել միասնական Արևմուտք:
Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքի ամեն դյույմը՝ մեր հավաքական ողջ ուժով:
Սակայն հստակեցնեմ՝ մեր ուժերը ներգրավված չեն և չեն հակամարտելու Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ։
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական 7 բանկի SWIFT համակարգից անջատելու որոշմանը։ Հաստատվել է ԵՄ տարածքում RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության հեռարձակման արգելքը։ Միությունը մշակում է նաև պատժամիջոցների արդեն 4-րդ փաթեթը։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հստակեցրել է՝ Միությունը չի պատերազմում Ռուսաստանի հետ, սակայն աջակցում է Ուկրաինային։ Իսկ պատժամիջոցներն ընդամենը արձագանքն են ստեղծված իրավիճակին։ Նա հավելել է՝ եվրոպական բանակի ստեղծում ներկայումս օրակարգում չկա։
ԵՄ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են նաև Բելառուսի դեմ նոր պատժամիջոցները․ դրանք կտարածվեն մի շարք պաշտոնյաների և արդյունաբերական հատվածի վրա։
Թուրքիան սահմանափակել է ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի պատերազմով պայմանավորված թուրքական կողմը կարող է սահմանափակել ռազմանավերի մուտքը Սև ծով. բացառություն են կազմում միայն առափնյա երկրների Սևծովյան նավատորմերի ռազմանավերը: Այս հիմքով՝ թուրքական կողմն արդեն իսկ արգելել է 3 ռուսական ռազմանավի մուտքը Սև ծով:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ անընդունելի է համարում Ուկրաինայում ՌԴ գործողությունները, սակայն, միևնույն ժամանակ, Անկարան մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
ՌԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵՂՄԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի դեմ սահմանափակումներ է մտցրել նաև ամերիկյան Google ընկերությունը․ ամբողջ Եվրոպայում արգելափակել է ռուսական լրատվամիջոցներին առնչվող հավելվածները Play Store-ում։ Apple ընկերությունն էլ հայտարարել է Ռուսաստանում իր սարքավորումների վաճառքի դադարեցման մասին։
Պատժամիջոցները չեն շրջանցել նաև կինոոլորտը․ Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը, Paramount կինոստուդիան դադարեցրել է ֆիլմերի թողարկումը Ռուսաստանում։ Netflix ընկերությունն էլ հրաժարվել է հեռարձակել ռուսական 20 ալիք։
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկում՝ փորձելով մեղմել դրանց հետևանքները տնտեսության համար:
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ երկրի ֆինանսական կայունությունն ապահովելու համար լրացուցիչ ժամանակավոր միջոցների մասին։
Մասնավորապես, մարտի 2-ից գործարքների հատուկ ընթացակարգ է սահմանվում օտարերկրյա այն անձանց համար, որոնք կապ ունեն Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող պետությունների հետ։ Արգելվում է նաև Ռուսաստանից ավելի քան 10 հազար դոլարին համարժեք կանխիկ արտարժույթի դուրսբերումը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, արձագանքելով մի շարք երկրների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, նշել է, որ երկրի տնտեսությունը լուրջ հարվածի տակ է, սակայն կանգուն կմնա։ «Վարչապետ Միշուստինի գլխավորությամբ օպերատիվ շտաբը գնահատում է Ռուսաստանում գործազրկության ռիսկերը»,- ընդգծել է նա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով էլ՝ պաշտոնական Մոսկվան պատրաստ էր պատժամիջոցներին, սակայն զարմացած է, որ դրանք տարածվում են նաև մարզիկների, լրագրողների և մշակութային գործիչների վրա։
ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության պետք է կայանա այսօր: Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսված են օրվա երկրորդ կեսին։ «Կրեմլը հուսով է, որ Ուկրաինայի պատվիրակությունը կժամանի բանակցությունների անցկացման վայր, նաև հուսով է, որ կողմերը կհաջողեն»,- ընդգծել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ բանակցությունները դրական կհամարվեն, եթե Ուկրաինան կատարի իրավիճակը կարգավորելու համար Վլադիմիր Պուտինի բարձրաձայնած պահանջները։ Պաշտոնական Կիևը նույնպես հաստատել է, որ պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն վերջնագրեր չի ընդունի: