Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե Հայաստանն ինչ աջակցություն է տրամադրում Ուկրաինայում գտնվող հայերին, և ինչ քայլեր են արվում նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց, ընդ որում՝ երբ ասում ենք՝ «մեր հայրենակիցներ», նկատի ունենք և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ այլ երկրների քաղաքացիներին, ովքեր մեր հայրենակիցներն են:
Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել: 1500-ի կարգի զանգ են ստացել, կարող եմ ասել, որ, իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, բայց չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է հաստատվել:
Նաև բանակցել ենք ու պայմանավորվել արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա. գիտեք, վստահաբար, որ Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև պետք է ասեմ, որ, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղից, որտեղ ունենք դեսպանություններ, դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ քաղաքներ: Դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան»,- ասաց Միրզոյանը:
Արտգործնախարարը նաև ավելացրեց, որ Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերին, այլ նաև այլ փախստականների: