Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, մեզ համար նաև՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար կարող էր լինել առաջինը:
Միևնույն ժամանակ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել երկրորդ հանդիպման համար: Երկրորդ հանդիպումն էր մի գործընթացի, որը պիտի լուծումներ տա հարյուրամյակների խնդիրներին»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը տեղեկացրեց, որ երրորդ հանդիպման տեղի և օրվա մասին որոշում դեռ չկա: