Հայրենիքը զուտ հողակտոր չէ։ Այն սկսվում է մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունից, սիրուց։ «Գարուն ա» ֆիլմի ուղերձներից է։ Ցավոտ դեպքերի, նաև հայրենասիրության դրսևորումների մասին ֆիլմը գարնան սկզբին մեծ էկրաններին է։ Համախմբել է արվեստասերներին։
Ֆիլմը ոգեշնչված է Ապրիլյան քառօրյա պատերազմից, վերնագիրը՝ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» գործից է։ Նկարահանվել է Պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Նկարահանումները շարունակ ընդհատել են պատերազմները։ Ընթացքում սկսվել է 44-օրյա պատերազմը։ Պրեմիերայի ժամանակ աշխարհը կրկին խաղաղ չէ։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը Ուկրաինայից դժվարությամբ է Հայաստան բերել ֆիլմը, որտեղ հետարտադրական աշխատանքներն էին։
Ալեքսանդր Խաչատրյան («Գարուն ա» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր) - Ֆիլմը սիրո մասին է, բոլոր տեսակի սերերի՝ ընկերությունից սկսած, մինչև կին-տղամարդ, մեր բանակի, սպայության, մեր արժանապատվության մասին է։
Ֆիլմում միայն ռազմական գործողություններ չեն, մի ընտանիքի պատմություն է։ Անսպասելի դեպքերը խաթարում են գլխավոր հերոսների՝ 3 սերունդների անդորրը։
Գլխավոր հերոսի կարծիքով՝ արվեստագետը ազգի խիղճն է։ Նրա միջոցով են պատմում պատերազմի մասին։
Լևոն Հախվերդյան (դերասան) - Նա հնարավորություն ունի բարձր և անվանի բեմերում նվագելու։ Ցավոք, հանգամանքները դասավորվում են այնպես, որ նա պիտի իր տաղանդը օգտագործի ուրիշ բնագավառում և ուրիշ տեղ»։ «Ես շատ կուզենայի, որ սա միայն ֆիլմ լիներ, այսպես ասեմ»։
Այն ազգային է, բայց ունի զուգահեռներ, որոնք կհուզեն աշխարհին, օրինակ՝ արվեստ ու բարբարոսություն։
Եվա Զոհրաբյան (դերասանուհի) - Համոզված եմ, որ հեռուստադիտողը և հանդիսատեսը ֆիլմը նայելուց հետո կսկսի մտածել ու մտածել կարևորի մասին, ինչը բաց ենք թողել վերջերս։
Ֆիլմը կներկայացնեն փառատոների, կցուցադրեն նաև Ամերիկայում։ Ստեղծագործական կազմն ուզում է, որ էլ առիթներ չլինեն պատերազմի մասին խոսելու, իսկ գարունը՝ «ձուն» չանի։
Հեղինակ՝ Անի Ավագյան