Վրաստանը մարտի 3-ին կդիմի ԵՄ՝ կազմակերպությանն անդամակցելու համար: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին ներկայացրել էր Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ բանաձևի նախագիծ, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Փաստաթուղթը բաղկացած է 13 կետից: Այն կոչ է անում ԵՄ անդամ երկրներին և հաստատություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` արագացնելու Վրաստանի անդամակցումը միությանը՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի:
Վրաստանը հետևում է Ուկրաինայի օրինակին: Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրեց երկրի՝ Եվրամիությանն արագացված ընթացակարգով միանալու դիմումը։ Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները հանդես են եկել ԵՄ-ին Ուկրաինայի արագ անդամակցության օգտին։
Արևմուտքում կարծիքներ են հնչում, որ Ուկրաինան Վրաստանի հետ պետք է շուտափույթ ընդունվի ԵՄ կազմ։ Այդ դիրքորոշումը, մասնավորապես, հնչեցրել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։