Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հետ հարաբերությունները կվերադառնան երկկողմ համագործակցության նախկին հուն՝ չնայած Թբիլիսիից Ուկրաինայի դեսպանի հետկանչին՝ հայտնում է ТАСС-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել էր, որ հետ է կանչում դեսպանին Վրաստանից, քանի որ Թբիլիսին խոչընդոտներ է ստեղծում Ուկրաինային օգնել ցանկացող կամավորների համար և «ոչ բարոյական դիրքորոշում» է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում:
Երկուշաբթի մի խումբ վրացի կամավորներ հայտարարել են, որ պատրաստվում են մեկնել Ուկրաինա և կռվել ուկրաինական բանակի շարքերում, սակայն Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել ուկրաինական ինքնաթիռին վայրէջք կատարել Թբիլիսիում՝ նրանց տանելու համար։ Փետրվարի 25-ին էլ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հանրապետությունը չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցներին։