Թուրքիան վճռական է նեղուցներով նավերի տեղաշարժի համար Մոնտրյոյի կոնվենցիայով իրեն տրված լիազորություններն օգտագործելու հարցում: Նա մտադիր է այդ քայլով կանխել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի հետագա սրումը։ Այդ մասին իր հեռուստաուղերձում ասել է նախագահ Էրդողանը՝ հայտնում է Anadolu գործակալությունը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ Անկարան շարունակում է «տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված բազմակողմ դիվանագիտական նախաձեռնությունները»։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և բարձր է գնահատում Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը։
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Էրդողանն ընդգծել է. «Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կհաղթահարենք ճգնաժամը Սև ծովի հյուսիսում, ինչպես բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվել է մեր երկիրը վերջին շրջանում»։
Ելույթում նա նշել է, որ Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, միաժամանակ չի անտեսի տարածաշրջանային ու գլոբալ հավասարակշռությունը։
Էրդողանը նաև հայտարարել է, թե Անկարան միշտ կատարել է իր պարտավորություններն այն ինստիտուտների ու դաշինքների շրջանակներում, որոնց մաս է կազմում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ն։