ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել Լուրդը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտում առկա հայ-ֆրանսիական համագործակցությունը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները, որոնք ներառում են, մասնավորապես, թանգարանների՝ տեխնիկական նոր լուծումներով ապահովումը, թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստումները, թանգարանային կառավարման ոլորտի բարելավումը:
Անդրադարձ է կատարվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշակութային ժառանգության ոլորտում առկա համագործակցությունն արդյունավետ շարունակելու և ընդլայնելու ուղղությամբ: