ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջև ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ոլորտներում:
Ոստիկանության պետը անդրադարձել է ընթացող բարեփոխումներին՝ մատնանշելով Երևանում ստեղծված պարեկային ծառայությունն ու օպերատիվ կառավարման կենտրոնը։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է ՀՀ ոստիկանության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության արդյունավետ օրինակներ։ Նա խոսել է նաև ոստիկանության կրթահամալիրում ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով ոստիկանների վերապատրաստման դասընթացների մասին և ներկայացրել ուղեցույցը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների գործողությունների նոր ծրագրի դրույթները, որոնք հիմնականում առնչվում են գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին, խտրականության բացառմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, տվյալների պաշտպանության ամրապնդմանը, կիբեռհանցավորությանը և այլն։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։