ՀՀ մարզերում շարունակվում են պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկում-հանդիպումները։ Փետրվարի 28-ին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Տավուշի մարզում էին։
Դիլիջանի պետական քոլեջի սովորողների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի ղեկավար կազմը։ Իրենց աշխատանքին անդրադարձել են պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսել է ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների անցկացման ու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ոստիկանության ներկայացուցիչներին։
Հաջորդ հանդիպումը Իջևանում էր՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում։ Հանդիպմանը մասնակցել են ոստիկանության Իջևանի բաժնի ղեկավար կազմը, կրթօջախի սովորողները և ուսուցչական կազմը։
Ոստիկանության ծառայողները ներկայացրել են կրտսեր պարեկի, պարեկի ու ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Պարեկները քոլեջի սաներին ներկայացրել են ծառայությունում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։
Քոլեջի սաները և ուսուցիչները պարեկային ծառայության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։
Քոլեջի սովորողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև պարեկային ծառայողական մեքենային, ներսում առկա տեխնիկային և դրանց գործարկման մանրամասներին։
Հիշեցնենք, որ տարեվերջին Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Տավուշի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։