Մի քանի տասնյակ ռուս գործարարի Հայաստանում համախմբել է առևտրաշրջանառությունը: 5 տարվա դադարից հետո, այն էլ երկու ամսով, մեր երկրում առանձին ցուցահանդեսով է հանդես գալիս Ռուսաստանի Ռյազանի շրջանը, ներկայացնում տնտեսական պոտենցիալը: Այն, ըստ ոլորտի պատասխանատուների, կընդլայնի հայ-ռուսական բիզնես համագործակցությունը և մեծ հնարավորություններ կստեղծի:
Կարեն Իվանով (ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնակատար) - Այսօր շատ ավելի մեծ ծավալով են ներկայացված. եթե 5 տարի առաջ ներկա է եղել 5-7 կազմակերպություն, այսօր դուք տեսնում եք 62: Երկու ամսվա ընթացքում, կարծում ենք՝ մեծ թվով պայմանագրեր կստորագրենք, այնուհետև, կարծում եմ՝ մեր գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն ունենք շարունակելու համագործակցությունն առևտրային տներ բացելու միջոցով:
Բիզնես առաքելությամբ Հայաստան եկած ռուս գործարարներն առանձին տաղավարներով 7 ոլորտ են ներկայացրել՝ շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն և այլն: Ռյազանի փոխմարզպետը վստահեցնում է՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պատրաստ են հայկական բիզնեսի համար ներկայացնելու տարբեր առաջարկներ ու նախագծեր:
Արտյոմ Նիկիտին (ՌԴ Ռյազանի փոխմարզպետ) - 62 ընկերություն ներկայացրել է մոտ 700 տեսակի արտադրանք: Երկու ամսում հայկական բիզնեսին փորձելու ենք ցույց տալ այն, ինչով հպարտանում ենք: Իսկ մենք հպարտանում ենք մեր իսկապես որակյալ ապրանքատեսակներով, հուսալի գործընկերներով և, իհարկե, այն կապերով, որոնք մենք կհաստատենք այստեղ: Հույս ունենք, որ այս գործընկերությունը մեր համագործակցության միայն սկիզբն է:
Ռուս գործարարները հիմնականում ներկայացրել են սպառողական ապրանքներ՝ սնունդ և թեթև արդյունաբերություն, բժշկական սարքավորումներ, շինանյութ, կահույք, աքսեսուարներ և այլն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն բացառում, որ մոտ ապագայում արտագնա ցուցահանդեսով Ռյազանի շրջանում հանդես կգան նաև հայ գործարարները, կներկայացնեն հայկական արտադրանքը:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար) - Մենք պիտի էնպես անենք, որ մի որևէ մեր մարզի հետ ունենանք համագործակցության հուշագիր, միգուցե որոշակի աշխատանքից հետո՝ նաև պայմանագիր, ինչը հնարավորություն կտա էս կարգի շփումներն ավելի ինտենսիվ դարձնել:
Ցուցասրահում նաև բանակցություններ վարելու հարթակներ, մերձմոսկովյան Ռյազանի արտադրողների հետ տեսակոնֆերանսներ անցկացնելու հնարավորություն կա:
Նախատեսված են գործնական հանդիպումներ և ոլորտային ինտերակտիվ շնորհանդեսներ: