ՌԴ և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը
Ուկրաինայի բոլոր խոշոր քաղաքներն արգելափակված են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրախորհրդարանի առջև ունեցած հեռավար ելույթում։ Նա կոչ է արել եվրախորհրդարանականներին` երաշխավորել, որ իր երկիրը կդառնա ԵՄ անդամ։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - «Մեզ հետ Եվրամիությունը ավելի ուժեղ կդառնա, իսկ առանց ձեզ Ուկրաինան միայնակ կլինի։ Ապացուցեք, որ մեզ հետ եք»
Ավելի վաղ Զելենսկին ստորագրել էր Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դիմումը՝ դա պատմական պահ անվանելով։ Այսօր արդեն Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ Ուկրաինայի դիմումը: Գործարկվել է ընդունելության հատուկ ընթացակարգը:
Եվրամիության անդամ մի շարք երկրներ էլ հանդես են եկել Միությանը Կիևի շուտափույթ անդամակցության օգտին։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիության ինստիտուտներն ու կառավարությունները պետք է պատասխանեն Կիևի դիմումին: «Դժվար կլինի. մենք գիտենք, որ Եվրոպայում տարբեր հայացքներ կան»,- հավելել է նա։
Ուժգնացող միջազգային ճնշումների ֆոնին էլ Ռուսաստանից վերահաստատում են՝ ռուսական բանակը չի օկուպացնելու Ուկրաինայի տարածքը։
Սերգեյ Շոյգու (ՌԴ պաշտպանության նախարար) - «Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հիմնական խնդիրն է պաշտպանել Ռուսաստանը Արևմուտքի ռազմական սպառնալիքից։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը։ ՌԴ Զու խմբավորումը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև բոլոր խնդիրների կատարումը»։
Ժնևում զինաթափման համաժողովի ընթացքում տեսակապի միջոցով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի կարող չարձագանքել Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու վտանգներին և ձեռնարկում է կանխարգելիչ միջոցներ։ Լավրովի խոսքով՝ Մոսկվայի համար անընդունելի է, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում, նա հավելել է նաև, որ Ռուսաստանում միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռներ չկան։
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - «Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակը ապառազմականացումը, ապազգայնականացումը, ինչպես նաև մարդկանց փրկելն է։ ԵՄ անդամ երկրները փորձում են խուսափել ուղիղ և ազնիվ երկխոսությունից՝ ընտրելով ոչ լեգիտիմ պատժամիջոցների ուղին։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ»։
Լավրովը շեշտել է՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրավական ուժ ունեցող անվտանգության երաշխիքների ապահովումը Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունի։
Զուգահեռաբար շարունակվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը. Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է տեղում վերջին զարգացումները, նրա փոխանցմամբ՝ Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է։
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ նախազգուշացրել էր Կիևի մի շարք ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ․ ըստ գերատեսչության՝ թիրախում են հայտնվելու այն կառույցները, որտեղից տեղեկատվական հարձակումներ են իրականացվում Ռուսաստանի դեմ։ Հաղորդագրություններ կան Կիևի հեռուստաաշտարակի խոցման վերաբերյալ։
Ուկրաինայի Սումիի շրջանում էլ տեղի է ունեցել գերիների առաջին փոխանակումը: Ուկրաինական կողմը հինգ գերու փոխանակել է ռուսական կողմի մեկ սպայի հետ։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գնահատմամբ՝ փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 660 000 մարդ։ Դոնեցկի իշխանություններն էլ հայտնում են, որ ռմբակոծության հետևանքով վնասվել են կենսական կարևորության ենթակառուցվածքներ․ ավելի քան 70 հազար մարդ մնացել է առանց ջրի։ Բնակիչները շարունակում են լքել տները։ Ինքնահռչակ հանրապետություններից տարհանվում են նաև ԵԱՀԿ ներկայացուցչությունները։
Չեն դադարում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպման ժամկետների կանխատեսումները։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանք տեղի կունենան մարտի 2-ին, ինչպես և ի սկզբանե պայմանավորվել էին կողմերը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան էլ հայտարարել է բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն, չի հստակեցրել հանդիպման ժամկետները։ Կուլեբան նախազգուշացրել է՝ Ուկրաինան բանակցությունների չի գնա, եթե Մոսկվան վերջնագրեր ներկայացնի։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը տեղեկացվել է Բելառուսում անցկացված բանակցությունների մասին, սակայն դեռ վաղ է գնահատականներ տալ։
Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններից ցանկալի արդյունք դեռևս չի ստացել։ Նա միջազգային գործընկերներին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Նա հանձնարարել է նաև չեղարկել վիզային ռեժիմը այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են Կիևի կողմից մասնակցել մարտական գործողություններին։
Պաշտոնական Կիևը հայտարարել է նաև, որ հետ է կանչում Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին՝ խորհրդակցությունների նպատակով: Պատճառն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների դիրքորոշումն է: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն աջակցություն էր հայտնել Դոնբասում Ռուսաստանի գործողություններին և Մինսկի պայմանավորվածությունների ձախողման համար մեղադրել էր Կիևին: Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հաշվի առնելով երկրի շահերը՝ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Մեծ աղմուկի պատճառ է դարձել նաև այն, որ վրացական կողմն արգելել է իր տարածքում վայրէջք կատարել օդանավի, որը պետք է Ուկրաինա տեղափոխեր 60 վրացի կամավորի։
ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը։ Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ առափնյա և ոչ առափնյա բոլոր երկրների ռազմանավերի համար կփակի Դարդանելի և Բոսֆորի նեղուցները։ Թուրքիայի նախագահ Էդողանի խոսքով՝ երկիրը կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայից բխող իր լիազորությունները՝ կանխելու ճգնաժամի սրումը: Նա հավելել էր նաև՝ Անկարան չի հրաժարվի Ռուսաստանից կամ Ուկրաինայից։
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարությունների ֆոնին ՌԴ տնտեսական թևի պատասխանատուները հայտարարել են, որ դրանց ազդեցության մեղմացման համար ռուսական կողմն արդեն մշակել է համապատասխան միջոցառումների փաթեթ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ նախապատրաստվել է նաև Ռուսասկան ակտիվներից օտարերկյա բիզնեսի դուրս գալը ժամանակավորապես սահմանափակող նախագիծ։