Ռուսական բանակը չի օկուպացնելու Ուկրաինայի տարածքը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Սերգեյ Շոյգու (ՌԴ պաշտպանության նախարար) - Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հիմնական խնդիրն է պաշտպանել Ռուսաստանը Արևմուտքի ռազմական սպառնալիքից։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը։ ՌԴ ԶՈՒ խմբավորումը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև բոլոր խնդիրների կատարումը։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակին Ժնևում զինաթափման համաժողովի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի կարող չարձագանքել Ուկրաինայի կողմից միջուկային զենք ձեռք բերելու վտանգներին և ձեռնարկում է կանխարգելիչ միջոցներ։ Լավրովի խոսքով՝ Մոսկվայի համար անընդունելի է, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում, «ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ»,- ընդգծել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանում միջին և փոքր հեռահարության ցամաքային հրթիռներ չկան։
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության նպատակը ապառազմակայնացումը, ապազգայնականացումը, ինչպես նաև մարդկանց փրկելն է։ Ստեղծված պայմաններում հարկավոր է անել ամեն ինչ՝ սպառազինությունների մրցավազքի նոր ալիքը կանխելու համար, Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումին։ ԵՄ անդամ երկրները փորձում են խուսափել ուղիղ և ազնիվ երկխոսությունից՝ ընտրելով ոչ լեգիտիմ պատժամիջոցների ուղին։ Ռուսաստանը պատրաստ է աշխատելու ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարցերի շուրջ։
Լավրովը շեշտել է՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից իրավական ուժ ունեցող անվտանգության երաշխիքների ապահովումը Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունի։ Ավելի վաղ Լավրովի այցը Ժնև չեղարկվել էր ՌԴ ինքնաթիռների համար ԵՄ օդային տարածքում թռիչքի արգելքի պատճառով։
Մոսկվան բաց է բանակցությունների համար՝ կրկնում է ռուսական կողմը՝ նշելով՝ նախօրեին Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունները կարևոր դեր են խաղում հետագա դեէսկալացիայի հարցում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը տեղեկացվել է բանակցությունների մասին, սակայն դեռ վաղ է գնահատականներ տալ։ Նա նշել է նաև, որ Կրեմլը շարունակում է Վոլոդիմիր Զելենսկուն համարել Ուկրաինայի օրինական նախագահ։
Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններից ցանկալի արդյունք դեռևս չի ստացել։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Պատերազմն ավարտելու վերաբերյալ Ռուսաստանը հայտնել է իր դիրքորոշումները, մենք էլ առաջադրել ենք մեր պատասխան կետերը։ Որոշ ազդանշաններ ենք ստացել։ Մենք կվերլուծենք և կորոշենք՝ ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլին։
Ուկրաինայի նախագահը միջազգային գործընկերներին կոչ է արել դիտարկել ռուսական հրթիռների, ինքնաթիռների, ուղղաթիռների համար օդային տարածքն ամբողջովին փակելու, ողջ աշխարհում նավահանգիստներ, օդանավակայաններ ՌԴ մուտքն արգելելու հնարավորությունը: Զելենսկին հանձնարարել է նաև մարտի 1-ից չեղարկել վիզային ռեժիմը այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են Կիևի կողմից մասնակցել մարտական գործողություններին։ Ուկրաինայի միջազգային պաշտպանության լեգեոնին միանալ ցանկացողների համար փաստաթուղթը կգործի «ռազմական դրության ընթացքում՝ հավելել է Զելենսկին։
Պաշտոնական Կիևը հայտարարել է նաև, որ հետ է կանչում Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին՝ խորհրդակցությունների նպատակով: Պատճառն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների դիրքորոշումն է: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն աջակցություն էր հայտնել Դոնբասում Ռուսաստանի գործողություններին և Մինսկի պայմանավորվածությունների ձախողման համար մեղադրել էր Կիևին: Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ հաշվի առնելով երկրի շահերը՝ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Մեծ աղմուկի պատճառ է դարձել նաև այն, որ վրացական կողմն արգելել է իր տարածքում վայրէջք կատարել օդանավ, որը պետք է Ուկրաինա տեղափոխեր վրացի կամավորների։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գնահատմամբ՝ փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 660000 մարդ։ Դոնեցկի իշխանություններն էլ հայտնում են, որ ռմբակոծության հետևանքով վնասվել են կենսական կարևորության ենթակառուցվածքներ․ ավելի քան 70 հազար մարդ մնացել է առանց ջրի։ Բնակիչները շարունակում են լքել տները։ Ինքնահռչակ հանրապետություններից տարհանվում են նաև ԵԱՀԿ ներկայացուցչությունները։
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ցանկը համալրվում է․ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ու ևս 25 քաղաքական գործիչների, լրագրողների, մշակույթի գործիչների նկատմամբ։ Արգելվում է մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ակտիվները սառեցվում են։ Պեսկովը, իր հերթին, նշել է, որ այդ սահմանափակումները չեն կարող խանգարել նրան աշխատելուն։
Նոր պատժամիջոցների ֆոնին մի շարք երկրներ շարունակում են ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Կանադայի իշխանությունները մտադիր են Ուկրաինա մատակարարել հակատանկային համակարգեր և արդիականացված զինամթերք։ Ավստրալիան էլ լրացուցիչ 75 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար սպառազինություն գնելու նպատակով։ Կիևին ռազմական աջակցության նախաձեռնությանն է միացել նաև Ֆինլանդիան, Լեհաստանը և Սլովակիան։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Ստամբուլը առափնյա և ոչ առափնյա բոլոր երկրների ռազմանավերի համար կփակի Դարդանելի և Բոսֆորի նեղուցները։ Նախագահ Էդողանն իր հերթին հայտարարել է, որ Անկարան կօգտագործի Մոնտրյոյի կոնվենցիայից բխող իր լիազորությունները՝ կանխելու ճգնաժամի սրումը: «Մենք, իհարկե, դեմ չենք գնա մեր ազգային շահերին, սակայն չենք անտեսի տարածաշրջանային և համաշխարհային հավասարակշռությունը։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքի վրա և բարձր ենք գնահատում ուկրաինական վարչակազմի և ժողովրդի պայքարը»,- նշել է նա՝ հավելելով, որ Անկարան չի հրաժարվի Ռուսաստանից կամ Ուկրաինայից։
Չեն դադարում նաև քննարկումները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի շուրջ։ Եվրամիության անդամ 8 երկրի՝ Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները հանդես են եկել Միությանը Կիևի շուտափույթ անդամակցության օգտին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, նշել է, որ այդ հարցը հարկավոր է դիտարկել ռազմավարական անվտանգության հարցերից առանձին։
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը համակողմանի տնտեսական պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ։ Նա խոսքով՝ Միության պատժամիջոցները կհանգեցնեն ռուսական տնտեսության փլուզման։ Տնտեսական պատժամիջոցների ազդեցության մեղմացման համար ռուսական կողմն արդեն մշակել է համապատասխան միջոցառումների փաթեթ։
Համապատասխան հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ հավելելով, որ նախապատրաստվել է նաև ռուսական ակտիվներից օտարերկրյա բիզնեսի դուրս գալը ժամանակավորապես սահմանափակող նախագիծ։