Վերջապես համավարակի ճգնաժամի որոշակի թուլացումով պայմանավորված Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոսության և Լիտվայի ազգային գրադարանի կողմից պաշտոնապես ներկայացվել է դեռ անցյալ տարի Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ լիտվերեն վերահրատարակված Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» բացառիկ աուդիո գիրքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Հպարտ եմ, որ նման արժեքավոր, մնայուն և շատ առումներով օրինակելի գործ ենք թողել։ Շնորհակալ եմ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասին, Լիտվայում Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Պետար Ռայիչին, Բալթյան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանին, Լիտվայում հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին. որոնք աջակցեցին մեզ այս աշխատանքը կյանքի կոչելու համար և հիմա էլ ջանք չեն խնայում այն պատշաճ ձևով ներկայացնելու համար։
Ուրախ եմ, որ հայ ժողովրդի լիտվացի մի շարք բարեկամներ մասնակցել են միջոցառմանը։ Շնորհակալ եմ Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն, իմ ընկեր Ռենալդաս Գուդաուսկասին միջոցառումն իր հարկի տակ ընդունելու համար։ Տպավորիչ է, սակայն նաև կարևոր աուդիո գիրքը ներկայացնող հայտնի լիտվացի դերասանների կողմից ընթերցանությամբ միջոցառման անցկացումը»,- գրել է դեսպանը: